Սպորտ

Հայաստանը կմասնակցի առաջին անգամ անցկացվող «Ապագայի խաղեր» մրցաշարին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում, որտեղ առաջին անգամ անցկացվելու է վիրտուալ իրականության տարրերով և առցանց քվեստներով «Ապագայի խաղեր» մրցաշարը:

Մրցաշարի մեկնարկից առաջ ԿԳՄՍ նախարարի տեղակալն այցելել է Պովոլժիեի ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և զբոսաշրջության պետական ակադեմիայի Ֆիջիթալ սպորտի նորաբաց կենտրոն, ծանոթացել ենթակառուցվածքներին, ինչպես նաև հետևել «Ֆիջիթալ-հոկեյի» մրցմանը:

Այցի շրջանակում Կարեն Գիլոյանը հանդիպում է ունեցել նաև Թաթարստանի սպորտի նախարար Վլադիմիր Լեոնովի հետ, քննարկել երկկողմ համագործակցության հեռանկարներն ու առաջին անգամ անցկացվող մրցաշարի մանրամասները:

«Ապագայի խաղեր» մրցաշարում Հայաստանը մասնակիցներ կունենա MMA-ի և ֆուտբոլի մրցումներում: Հայաստանի ֆուտբոլի հավաքականը հանդես կգա «Դիջիթալ–ֆուտբոլ», իսկ խառը մենամարտերի ներկայացուցիչը՝ «Ֆիջիթալ–մարտարվեստ» մրցաձևում:

Ֆիջիթալ սպորտը ձգտում է պահպանել իրական սպորտային խաղերի արդիականությունը՝ համատեղելով վիրտուալն ու իրականը: Մրցաշարն անցկացվելու է նախ առցանց, ապա՝ իրական դաշտում։

«Ապագայի խաղերը» լայնածավալ մրցաշար է, որը կունենա միջազգային մրցույթի կարգավիճակ։ Այն կանցկացվի 2024 թվականի փետրվարի 23-ից մարտի 3-ը և կներկայացնի 21 հիբրիդային դիսցիպլիններ։ «Ապագայի խաղերին» կմասնակցի 2000 մարզիկ՝ ավելի քան 100 երկրից։