Բուլղարիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել Հայաստանի 2 ներկայացուցիչները․ Հակոբ Մկրտչյանը 96 կգ քաշային կարգում դարձել է չեմպիոն, Դավիթ Հովհաննիսյանը՝ փոխչեմպիոն:
Հակոբ Մկրտչյանը երկամարտում գրանցել է 375 կգ (166+209) արդյունք՝ կարիերայում երկրորդ անգամ նվաճելով Եվրոպայի չեմպիոնությունը, իսկ Դավիթ Հովհաննիսյանը երկամարտում գրանցել է 374 կգ (169+205) արդյունք։
Ավելի վաղ Սոֆիայում Հայաստանի ազգային հավաքականի անդամ Գոռ Սահակյանը 67 կգ քաշային կարգում նվաճել էր Եվրոպայի չեմպիոնի կոչումը։ 55 կգ քաշային կանանց պայքարում Եվրոպայի չեմպիոն էր հռչակվել նաև 19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը։