Սպորտ

Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք ըմբիշին՝ հռչակվելով Եվրոպայի եռակի չեմպիոն

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը կարիերայում երրորդ անգամ նվաճել է Եվրոպայի չեմպիոնությունը՝ Բուխարեստում ընթացող առաջնության եզրափակչում 7-0 հաշվով վստահ առավելության հասնելով աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, թուրք Յունուս Բասարի նկատմամբ։ Ամոյանն արդեն հաղթել էր Բաշարին 2022 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակչում, երբ առաջին անգամ էր դարձել Եվրոպայի չեմպիոն։

Մալխաս Ամոյանը պայքարն սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 10:1 հաշվով տպավորիչ հաղթանակ է տարել իտալացի Ռիկարդո Վիտո Աբրեսցիայի նկատմամբ: Քառորդ եզրափակչում հայ ըմբիշը 3:2 հաշվով առավելության է հասել անկախ երկրների դրոշի ներքո հանդես եկող ռուսաստանցի Ադլետ Տյուլուբաևի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում 2։1 հաշվով ուժեղ է գտնվել մոլդովացի Ալեքսանդրին Գուտուից։

Հայաստանի հավաքականի կազմում այսօր ավելի վաղ ԵԱ-ի եզրափակիչ է դուրս եկել աշխարհի, Եվրոպայի և Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը։ Կիսաեզրափակչում Եվրոպայի 6-ակի չեմպիոն Ալեքսանյանը գոտեմարտել է բելառուս Աբուբակար Խասլախանավի հետ և 5:1 հաշվով հաղթանակ տարել։ Ալեքսանյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 9:1 հաշվով ժամանակից շուտ հաղթել էր թուրք Բեյտուլա Կաիսդագինին, իսկ քառորդ եզրափակչում մեր ըմբիշը 8:3 հաշվով առավելության էր հասել Նիդերլանդների ներկայացուցիչ Թայրոն Շտենկերբուրգի նկատմամբ:

Հայաստանի հավաքականի կազմում ԵԱ-ի առաջին մեդալը նվաճել է 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը, որն առաջին անգամ է մասնակցում մեծահասակների Եվրոպայի առաջնությանը։ Վճռորոշ գոտեմարտում Խաչատրյանը մրցել է բուլղարացի Ստեֆան Հրիստով Գրիգորովի հետ և ժամանակից շուտ 8:0 հաշվով հաղթանակ տոնել։