Հայաստանի առաջատար եռացատկորդ Լևոն Աղասյանը ճանաչվել է Ստամբուլում անցկացված Բալկանյան երկրների ձմեռային առաջնության փոխչեմպիոն։ Աղասյանը ցույց է տվել 16,28 մետր արդյունք և արծաթե մեդալ նվաճել:
Ավելի վաղ վազորդ Երվանդ Մկրտչյանը, 1500 մետր վազքատարածությունում ցույց տալով 3։45․55 րոպե արդյունք, գրավել էր առաջին տեղը՝ հետևում թողնելով Թուրքիայի երկու ներկայացուցիչների։
💬 Հավաքականի գլխավոր մարզիչ Գրիգոր Բարսեղյանի խոսքով՝ թիմի առաջատար աթլետներն արդարացրել են սպասելիքները․ «Թե՛ Երվանդը, թե՛ Լևոնը լավ հանդես եկան ու արդարացրին սպասելիքները։ Իհարկե, Լևոնը կարող էր նաև ոսկե մեդալը նվաճել, ցավոք՝ չստացվեց։ Երվանդը գերազանց մարտավարություն վարեց ու իր փորձի հաշվին առաջ անցավ բավականին ուժեղ մրցակիցներից։ Այս արդյունքի շնորհիվ նա իրավունք ստացավ մասնակցելու Բեգրադի փակ մարզասրահում փետրվարի 13-ին մեկնարկելիք մրցաշարին»,- ասում է Գրիգոր Բարսեղյանը։
Ինչ վերաբերում է Ստամբուլում ունեցած ելույթներին՝ մարզչի խոսքով իրենք որևէ կաշկանդվածություն չեն զգացել․ «Սա, իհարկե, խորհրդանշական հաղթանակ էր, բայց մեր առաջատար մարզիկները Թուրքիայում բազմիցս մեդալներ են նվաճել ու ռեկորդներ սահմանել։ Որևէ կողմնապահություն կամ առանձնահատուկ վերաբերմունք մեր հանդեպ չենք զգացել։ Ամեն ինչ կարգին է»։
Հայաստանի աթլետիկայի հավաքականի գլխավոր մարզիչն առանձնացնում է նաև վազորդ Էլլադա Ալավերդյանի ու երիտասարդ եռացատկորդ Գոռ Հովակիմյանի ելույթները։ Էլլադան 800 մետր վազքատարածությունը հաղթահարել է 2։07․97 րոպեում և մարզասրահների Հայաստանի ռեկորդ սահմանել, իսկ Գոռը 15,59 մետր արդյունքով անձնական ռեկորդ է սահմանել։
Հիշեցնենք՝ Հայաստանի աթլետիկայի հավաքականը մրցավայր է մեկնել Գրիգոր Բարսեղյանի և Արսեն Պետրոսյանի գլխավորությամբ: Հավաքականի կազմում ընդգրկված են եղել նաև վազորդներ Ռոման Ալեքսանյանը, Գայանե Չիլոյանը, հեռացատկորդներ Յանա Սարգսյանը և Գոռ Բեգլարյանը:
Ամենայն հավանականությամբ, Երվանդ Մկրտչյանը Բալկանյան երկրների ձմեռային առաջնության արդյունքներով իրավունք կստանա մասնակցելու նաև Գլազգոյի փակ մարզասրահում մարտի 1-3-ը անցկացվելիք աշխարհի ձմեռային վարկանիշային առաջնությանը: