Ֆորմուլա 1-ի յոթակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնը մոտ է «Մերսեդեսի» թիմից հեռանալուն։ Ինսայդերները հաղորդում են, որ բրիտանացին կարող է միանալ «Ferrari»-ի թիմին՝ փորձելով նվաճել իր ռեկորդային՝ ութերորդ տիտղոսը։
39-ամյա մարզիկը պատրաստ է միանալ իտալական թիմին 2025 թվականի մրցաշրջանում, չնայած՝ անցյալ մրցաշրջանում երկու տարվա պայմանագիր է կնքել «Մերսեդեսի» հետ:
Ֆորմուլա 1-ի ինսայդերները կարծում են, որ գործարքը կարող է ավարտվել առաջիկա 24 ժամվա ընթացքում։
«Մերսեդեսի» թիմի արտակարգ հանդիպումը նշանակված է այսօր՝ փետրվարի 1-ին, և կսկսվի Երևանի ժամանակով 18:00-ին, հաղորդում է BBC-ն։ Այդ հանդիպման ավարտին էլ կարող է հայտարարվել սենսացիոն որոշման մասին։
Մամուլը դեռ վաղուց էր Հեմիլթոնին կապում ամենահայտնի թիմ տեղափոխվելու հետ, սակայն յոթակի չեմպիոնը միշտ իր հավատարմություն է ցույց տվել «Մերսեդեսին» և ղեկավար Տոտո Վոլֆին:
Այնուամենայնիվ, SunSport-ը կարծում է, որ Հեմիլթոնը կակտիվացնի իր պայմանագրում ընդմիջման կետը, որը թույլ կտա նրան հեռանալ «Մերսեդեսից» այս մրցաշրջանի վերջում:
Նշենք, որ Հեմիլթոնը առանց հաղթանակի է 2021 թվականի դեկտեմբերից, նույն մրցաշրջանում նա զիջել է տիտղոսը «Red Bull»-ի հոլանդացի պիլոտ Մաքս Ֆերստապենին:
Հաղորդվում է, որ Հեմիլթոնի անհաջողությունների պատճառ կարող է հանդիսացած լինել այն, որ «Մերսեդեսը» այս ընթացքում մատակարարել է երկու բոլիդ, որոնք «տառապել» են խնդիրներից, ինչը նշանակում է, որ նա չի կարողացել պայքարել հաղթանակների և տիտղոսների համար:
«Ferrari»-ի նախագահ Ջոն Էլկանը եղել է Հեմիլթոնի տաղանդի երկարամյա երկրպագուներից մեկը, և նրանք նախկինում բանակցություններ են վարել: