Սպորտ

«Եթե Սուպերլիգայի նախագիծն առաջ գնա, ես հրաժարական կտամ». Տեբաս

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը խոսել է Սուպերլիգայի նախագծի հաջող զարգացման դեպքում հրաժարական տալու մտադրության մասին և բացատրել, թե ինչն է եղել նման որոշման պատճառը:

«Եթե Սուպերլիգայի նախագիծն առաջ գնա, ես հրաժարական կտամ։ Այս դեպքում ես կհեռանայի, քանի որ իսպանական ֆուտբոլը տնտեսական սարսափելի խնդրի առջև կկանգներ: Եկամուտները կարճ ժամանակում կկրճատվեն կիսով չափ։ Ես չեմ կարող շարունակել այն, ինչը մեզ տանում է դեպի կործանում և աղետ: 53 հազար պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ և շատ ընտանիքներ ապրում են դրա հաշվին։ Հաջողության այս ամբողջ էկոհամակարգը, որը մենք ստեղծել ենք 40 տարվա ընթացքում, կփլուզվի», - Տեբասի խոսքը մեջբերել է El Mundo-ն։

Ավելի վաղ հայտարարվել էր եվրոպական Սուպերլիգայի նախագծի՝ մրցույթի վերստեղծման մասին, որին կարող էին մասնակցել եվրոպական ցանկացած առաջնության ակումբներ: Դեկտեմբերին Եվրոպական միության դատարանը վճռել էր, որ ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն մրցումների անցկացման մենաշնորհ չունեն: