Սպորտ

Բոբանը դեմ է արտահայտվել Չեֆերինի վերընտրմանը և հեռացել ՈւԵՖԱ-ից

Ալեքսանդր Չեֆերինի գործողությունների հետ անհամաձայնության պատճառով Զվոնիմիր Բոբանը հեռացել է ՈւԵՖԱ-ից:

ՈւԵՖԱ-ն հայտարարել է, որ «Միլանի» նախկին կիսապաշտպանը լքել է կազմակերպությունը «փոխադարձ համաձայնությամբ»: 55-ամյա խորվաթը 2021 թվականից ՈւԵՖԱ-ում զբաղեցնում էր ֆուտբոլի դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը:

Սակայն ինքը՝ Բոբանը, բաց նամակում հայտարարել է, որ հեռացել է պաշտոնից՝ ի նշան բողոքի եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության նախագահ Ալեքսանդր Չեֆերինի գործողությունների դեմ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Չեֆերինը ցանկանում է փոփոխություններ կատարել ՈւԵՖԱ-ի կանոնադրության մեջ և զրոյացնել իր առաջին նախագահական ժամկետը, ինչը թույլ կտա նրան առաջադրվել 2027 թվականին․

«Ես ՈւԵՖԱ–ի նախագահի հետ խոսել եմ Համբուրգում գործադիր կոմիտեի վերջին նիստի ժամանակ ծագած խնդրի մասին՝ ՈւԵՖԱ-ի կանոնադրությունը փոխելու առաջարկի մասին, որպեսզի ապահովվի Չեֆերինի առաջադրումը նոր ժամկետով՝ ներկայիս ժամկետի վերջնական ավարտից հետո։

Այն բանից հետո, երբ ես իմ խորին մտահոգությունն ու լիակատար անհամաձայնությունը հայտնեցի առաջարկին, նախագահը պատասխանեց, որ դրանում ոչ մի իրավական կամ բարոյական խնդիր չի տեսնում, և որ նա, անկասկած, կշարունակի զարգացնել այս գաղափարը, որը ես համարում եմ ճակատագրական:

Ես լիովին գիտակցում եմ, որ ոչինչ կատարյալ չէ, հատկապես՝ ես: Ես նաև հասկանում եմ, որ մենք երբեմն ստիպված ենք լինում փոխզիջումների գնալ։ Բայց եթե ես ընդունեի նման դժվար և սխալ որոշում, ես դեմ կլինեի այն սկզբունքներին և արժեքներին, որոնց խորապես հավատում եմ:

Ես չեմ հավակնում լինել ինչ-որ հերոս և գիտեմ, որ շատերն ունեն նույն կարծիքը, ինչ ես: Միգուցե դա միամտություն է, բայց, իհարկե, ճիշտ է:

Այս երեք տարում իմ հարաբերություններն ու համագործակցությունը Ալեքսանդրի և ՈւԵՖԱ- ի բոլոր գործընկերների հետ գերազանց են եղել: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրանց դրա համար և մաղթել ամենայն բարիք: Ցավում եմ և տխուր, բայց հեռանում եմ ՈւԵՖԱ-ից», - գրել է Բոբանը: