Սպորտ

Ա սերիայի ակումբների թիվը կարող է կրճատվել

Իտալական Ա սերիայի ակումբները և լիգայի նախագահ Լորենցո Կազինին ոչ պաշտոնական բանակցային գործընթաց են նախաձեռնել Իտալիայի առաջնությունում հանդես եկող թիմերի թիվը 20-ից 18-ի հասցնելու հնարավորության շուրջ: Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ լիգայում թիմերի քանակի կրճատման օգտին հանդես են եկել հիմնականում Ա սերիայի առաջատար ակումբները: Նրանց ներկայացուցիչները մրցաշարի մասնակիցներին կրճատելու անհրաժեշտությունը հիմնավորում են նրանով, որ չեմպիոնների լիգայի նորացված ձևաչափի պատճառով, որը կսկսի գործել հաջորդ մրցաշրջանից, առաջիկա տարիներին կավելանա խաղերի քանակը, և Իտալիայի առաջնության օրացույցը կդառնա չափազանց ծանրաբեռնված: Սակայն որոշ ակումբներ մտավախություն ունեն, որ այդ միջոցառումների պատճառով կարող են զրկվել եկամուտների մի մասից։

Ընդգծվում է, որ այս որոշումը կարող է կայացվել այն դեպքում, եթե Ա սերիայի 14 ակումբ կողմ քվեարկեն դրան: