Իտալացի մասնագետ Անտոնիո Կոնտեն, որը ներկա է եղել Ա Սերիայի 19-րդ տուրի «Տորինո»-«Նապոլի» (3:0) հանդիպմանը, ստադիոնում երկրպագուներին հայտնել է, որ պատրաստ է մրցաշրջանի ավարտին գլխավորել թիմը:
«Դա հնարավոր է։ Բայց ես ցանկանում եմ, որ ամեն ինչ ճիշտ արվի»,- Կոնտեի խոսքը մեջբերում է «CalcioNapoli24»-ը։
Հիշեցնենք, որ Կոնտեն «Նապոլիի» գլխավոր մարզիչ կարող էր դառնալ 2023 թվականի հոկտեմբերին, սակայն հրաժարվել էր գլխավորել թիմը մրցաշրջանի կեսին: Արդյունքում նոյեմբերին պաշտոնանկ արվեց Ռուդի Գարսիան, իսկ նրա պաշտոնում նշանակվեց Վալտեր Մացարին։
Վալտերի գլխավորությամբ «Նապոլին» առայժմ հաղթել է ընդամենը 3 խաղում։ Ընդ որում, թիմը կրել է 6 պարտություն և մեկ անգամ ոչ-ոքի խաղացել: Նեապոլիտանցիներն այս պահին Ա Սերիայում 28 միավորով 9-րդ տեղում են՝ անցկացրած 19 խաղից հետո: