2023թ. տարեվերջին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նախագահ ընտրեց։ Այս տարիների ընթացքում ՀՖՖ-ն ունեցել է 6 նախագահ։
Հայկական ֆուտբոլը կառավարող մարմինը՝ ՀՖՖ-ն հիմնադրվել է 1992թ. հունվարի 17-ին։ Ֆեդերացիան ՖԻՖԱ-ի անդամ է դարձել 1992թ. հուլիսի 3-ից, իսկ ՈՒԵՖԱ-ի լիիրավ անդամ՝ 1993 թ. հունվարի 17-ից։
RadarArmenia-ն ներկայացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը զբաղեցրած անձանց։
Եւ այսպես.
ՀՖՖ առաջին նախագահը եղել է Նիկոլայ Ղազարյանը։ Նա ՀՖՖ-ն ղեկավարել է 1992-1994թթ։ Ղազարյանը եղել է Երևանի «Արարատ»-ի հարձակվող, սպորտի վարպետ, 1973թ. ԽՍՀՄ գավաթակիր և առաջնության ոսկե մեդալակիր։
Արմենակ Սարգսյան. նա ՀՖՖ-ն ղեկավարել է 1994-1998թթ։ Սարգսյանը եղել է «Արարատ»-ի պաշտպան, սպորտի վարպետ, 1973թ. ԽՍՀՄ գավաթակիր և առաջնության ոսկե մեդալակիր։
Սուրեն Աբրահամյան. Նա ՀՖՖ նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1998-2002թթ։ Աբրահամյանը ՆԳ նախարարն է, գեներալ-մայոր, եղել է Երևանի քաղաքապետ 1998-1999թթ.։
Ռուբեն Հայրապետյան. նա ՀՖՖ-ն ամենաերկար պաշտոնավարած նախագահն է՝ 2002-2018թթ։ Հայրապետյանը եղել է Ավանի թաղապետ 1996-1999թթ., ԱԺ պատգամավոր 2003-2012թթ.։
Արթուր Վանեցյան. ՀՖՖ-ն Վանեցյանը ղեկավարել է 2018-2019թթ. երբ գլխավորում էր նաև ՀՀ ԱԱԾ-ն։ Վանեցյանը երկար տարիներ տարբեր պաշտոններ է զբաղեցրել ԱԱԾ-ում, իսկ 2018-19թթ. եղել է ԱԱԾ տնօրենը։ 2021թ. նա ընտրվել է ԱԺ պատգամավոր՝ «Պատիվ ունեմ» դաշինքի կազմում, 2022թ. վայր դրեց մանդատը։
Արմեն Մելիքբեկյան. Նա ՀՖՖ-ն գլխավորում է 2019թվականից։ 2023 դեկտեմբերի 23-ին վերընտրվեց ՀՖՖ նախագահի պաշտոնում։ Ավելի վաղ Մելիքբեկյանը եղել է մարզական լրագրող, 2005-2008թթ.՝ ՀՖՖ փոխտնօրեն, 2018-2019թթ. ՀՖՖ գլխավոր քարտուղար։