ՈւԵՖԱ-ն մեկնաբանել է «Սուպերլիգայի» վերաբերյալ Եվրադատարանի որոշումը։ Ասոցիացիան ի գիտություն է ընդունում այն․
«Այս որոշումը չի ենթադրում, այսպես կոչված, «Սուպերլիգայի» հաստատում կամ հավանության արժանացում, այլ ավելի շուտ ընդգծում է ՈւԵՖԱ-ի նախնական թույլտվության համակարգի պատմական թերությունը․ տեխնիկական ասպեկտ, որն արդեն ճանաչվել և վերացվել է 2022թ․ հունիսին: ՈւԵՖԱ-ն վստահ է իր նոր կանոնների հուսալիության մեջ և նրանում, որ դրանք համապատասխանում են եվրոպական բոլոր օրենքներին և կանոններին:
ՈւԵՖԱ-ն շարունակում է վճռականորեն պաշտպանել եվրոպական ֆուտբոլային բուրգը՝ ապահովելով, որ այն կշարունակի ծառայել հասարակության լայն շահերին:
Մենք կշարունակենք ազգային ասոցիացիաների, լիգաների, ակումբների, երկրպագուների, խաղացողների, մարզիչների, եվրոպական կառույցների, կառավարությունների և այլ գործընկերների հետ ձևավորել եվրոպական սպորտային մոդել։
Մենք հավատում ենք, որ համերաշխության վրա հիմնված եվրոպական ֆուտբոլային բուրգը, որը երկրպագուներն ու բոլոր շահագրգիռ կողմերը հռչակել են իրենց անփոխարինելի մոդելը, եվրոպական և ազգային օրենքներով պաշտպանված կլինի սպառնալիքներից», - ասվում է ՈւԵՖԱ-ի հայտարարության մեջ: