ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը խոսել է առաջիկա անելիքների մասին և ֆեդերացիայի 2019-25թթ. ռազմավարության մասին․
«2024թ. եվրագավաթի մայիսյան շքերթը մենք կսկսենք մայրաքաղաքում։ Երևան կժամանեն ֆուտզալի ուժեղագույն թիմերը՝ «Բարսելոնան», «Սպորտինգը», «Բենֆիկան» և «Մալյորկան»։ Ֆուտզալի չեմպիոնների լիգայի եզրափակչի անցկացումը միայն սկիզբը պետք է դառնա գալիք տարիներին խոշոր մրցաշարերի կազմակերպման համար»,- ասել է Մելիքբեկյանը։
Ըստ նրա՝ կառավարության հետ արդեն համաձայնեցրել են երեք ստադիոն, այդ թվում՝ ազգային մարզադաշտ կառուցելու ծրագիրը, ինչը հնարավորություն կտա այլ ֆեդերացիաների հետ աշխատանքի արդյունքում խոշոր մրցաշարեր հյուրընկալել․
«2024թ. մենք կկարողանանք հանրությանը ներկայացնել ազգային մարզադաշտի կառուցման վերաբերյալ մանրամասներ»,- ընդգծել է Մելիքբեկյանը։
Մելիքբեկյանը նաև ներկայացրել է, որ 2024թ. կսկսվեն 4 ֆուտբոլային դպրոցի նախագծման աշխատանքները, որոնցից մեկը կկառուցվի Դավիթաշեն վարչական շրջանում, երեքը՝ Տավուշի, Գեղաքունիքի և Արարատի մարզերում։ Հայաստանի բոլոր մարզերում կշարունակվի 40 փոքր խաղադաշտերի կառուցման ծրագիրը՝ դրանց թիվը հասցնելով 130-ի։ Ըստ ծրագրի՝ նախատեսվում է ամբողջ հանրապետությունում կառուցել 300 փոքր խաղադաշտ․
«Արդեն ընթացքում է Հրազդան քաղաքում նոր խաղադաշտ կառուցելու ծրագիրը, որը իրականցանում ենք Հրազդանի համայնքապետարանի և «Աղբյուրակ» ֆուտբոլային ակումբի հետ։ Մենք կառուցելու ենք արհեստական խոտածածկով խաղադաշտը, իսկ ակումբը՝ հարակից ենթակառուցվածքները։ Այստեղ հնարավոր կլինի առաջին լիգայի հանդիպումներ իրականացնել»,- ավելացրել է ՀՖՖ գործող նախագահը։