Սպորտ

Եթե մնա Արմեն Մելիքբեկյանը, «Փյունիկը» չի մասնակցի Հայաստանի առաջնությանը. Արթուր Սողոմոնյան

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի նախագահ, սեփականատեր Արթուր Սողոմոնյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է, որ եթե առաջիկա ՀՖՖ նախագահի ընտրություններում նորից ընտրվի գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը, ապա «Փյունիկ» ֆորտբոլային ակումբի բոլոր թիմերը չեն հայտավորվի հաջորդ մրցաշրջանի համար։

«Միակ հնարավորությունը դեկտեմբերի 23-ի ընտրությունն է և ղեկավարության փոփոխությունը։ Եթե փոփոխություն չլինի, ղեկավարությունում մնա Արմեն Մելիքբեկյանը, «Փյունիկը» չի մասնակցի Հայաստանի առաջնությանը, և ես կհեռանամ ֆուտբոլից, քանի որ իմաստ չեմ տեսնում»,- հայտարարել է Սողոմոնյանը։

Ըստ ակմուբի նախագահի՝ ակումբը այս մրցաշրջանը կավարտի, քանի որ հովանավորների և գործընկների առաջ կան պարտավորություններ, իսկ հաջորդ մրցաշրջանի համար արդեն չեն հայտավորվի։

««Փյունիկը», հաջող ելույթների արդյունքում այժմ Հայաստանի առաջնության մրցաշարային աղյուսակում գտնվում է առաջին հորիզոնականում, սակայն շատ բարդ է այս առաջնությանը անվանել արդար, քանի որ անգամ մարզվելու , խաղերին պատրաստվելու նորմալ պայմաններ չունենք։ Մենք չենք ցանկանում մասնակցել հայկական ֆուտբոլի ոչնչացմանը»,- ավելացրել է «Փյունիկի» սեփականատերը։

Հիշեցնենք՝ ՀՖՖ նախագահի ընտրությունները տեղի կունենա դեկտեմբերի 23-ին, որին առաջադրվել են Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսի և ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանի թեկնածությունները։