Սպորտ

Թուրքիայում մրցավարը ծեծի է ենթարկվել ակումբի նախագահի կողմից. Էրդողանը արձագանքել է իրավիճակին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ուշագրավ դեպք է տեղի ունեցել թուրքական ֆուտբոլում, որը հարուցել համաշխարհային ֆուտբոլային հանրության և, ընդհանրապես, մարզասերների ուշադրությունը։

Առաջնության հանդիպումներից մեկում ակումբի նախագահը մտել է խաղադաշտ և հարվածել գլխավոր մրցավարին։

Թուրքական Սուպերլիգայի 15-րդ տուրի «Անկարագյուջյու» -«Ռիզեսպոր» հանդիպման ավարտն ազդարարող սուլիչից անմիջապես հետո «Անկարագյուջյու» ֆուտբոլային ակումբի նախագահ Ֆարուք Քոջան և ակումբի այլ անդամներ, մուտք գործելով մարզադաշտ, հարվածներ են հասցրել մրցավարին: 

Մրցավարին հարվածներ են հասցրել նաև ընկած ժամանակ, մինչև օգնության են հասել անվտանգության աշխատակիցները և ֆուտբոլիստները։

Նշվում է, որ ակումբի նախագահի դժգոհության պատճառ կարող է հանդիսացած լինել այն, որ գլխավոր մրցավար Հալիլ Մելլերը առաջին խաղակեսում չեղյալ է հայտարարել տանտերերի գոլը, իսկ 50-րդ րոպեին խաղադաշտից հեռացրել հարձակվող Ալի Սոուվին: Հյուրերը հանդիպման հաշիվը հավասարեցրել են միայն 97-րդ րոպեին։

Միջադեպից հետո բժիշկները Մելլերին առաջին բուժօգնություն են ցուցաբերել, որից հետո նա տեղափոխվել է հիվանդանոց։

Ուշագրավ է, որ մեծ աղմուկ հանած միջադեպին անդրադարձել է անձամբ Ռեջեփ Թայիփ Էրդողանը․
«Նախագահ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Խալիլ Ումութ Միլլերի հետ։ Նա դատապարտել է միջադեպը և ամենայն բարիք մաղթել նրան»,- այս մասին հայտարարել է Թուրքիայի ՆԳ նախարար Ալի Երլիկայանը։ 

Էրդողանը նաև իր «X»-ի էջում գրառում է կատարել՝ դատապարտելով արարքը. «Ես դատապարտում եմ մրցավար Խալիլ Միլլերի վրա հարձակումը և մաղթում նրան շուտափույթ ապաքինում:
Սպորտը նշանակում է խաղաղություն և եղբայրություն: Սպորտը անհամատեղելի է բռնության հետ։ Մենք երբեք թույլ չենք տա բռնություն թուրքական սպորտում»,- ասվում է գրառման մեջ։