Սպորտ

«Հայաստանը լավ օրինակ է համաշխարհային բռնցքամարտում»․ ֆեդերացիայի նախագահ

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը շնորհավորել է բռնցքամարտիկներինու մարզիչներին՝ Երևանում կայացած մարզաձևի պատանիների աշխարհի առաջնությունում հաջող մրցելույթների կապակցությամբ։ 

«Հայկական բռնցքամարտը հերթական փառահեղ էջը գրեց իր պատմության մեջ՝ ապացուցելով, որ քրտնաջան ու հետևողական աշխատանքը չի կարող անպտուղ մնալ: Պատանիների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց 10 մեդալ՝ 4 ոսկի, 5 արծաթ և 1 բրոնզ: Սա բացառիկ արդյունք էր հայկական բռնցքամարտի պատմության մեջ:

Թիմային պայքարում մենք երկրորդն ենք: Զիջեցինք միայն ռուսներին, որոնք աղջիկների մրցակցությունում ներգավված էին ամբողջական թիմով, իսկ մենք ընդամենը 3 մարզուհով, որից մեկը նվաճեց արծաթ: Եթե լիներ միայն տղամարդկանց հաշվարկը, կգերազանցեինք նաև Ռուսաստանի ընտրանուն: Փաստացի՝ մեր 16 մարզիկներից 10-ը բարձրացան պատվո հարթակ: Այս հավաքականն ունի բոլոր շանսերը՝ դառնալու հայկական բռնցքամարտի ոսկե ընտրանին:

Շնորհավորում եմ մեր հավաքականի բոլոր մարզիչներին ու մարզիկներին, նաև բռնցքամարտիկների անձնական մարզիչներին: Շնորհակալություն լավ աշխատանքի համար, շնորհակալություն նաև Հայասատանի բռնցքամարտի ֆեդերացիայի այն անձնակազմին, որը ջանք չխնայեց պատանիների աշխարհի առաջնությունը լավագույնս կազմակերպելու համար: Շնորհակալություն Հայաստանի կառավարությանը և այն բոլոր գերատեսչություններին ու մարզական կառույցներին, որոնք աջակցեցին մեզ:

Արդեն իսկ շնորհավորանքներ ենք ստանում տարբեր երկրներից՝ աշխարհի առաջնությունը լավագույնս անցկացնելու համար: Հպարտ եմ, որ Հայաստանը բռնցքամարտի մրցաշարեր անցկացնելու առումով օրինակ է համաշխարհային բռնցքամարտում»: