Սպորտ

7 մենամարտ՝ 7 հաղթանակ․ հայ բռնցքամարտիկները շարունակում են հաղթել

Երևանում ընթացող բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնությունում 48 կգ քաշային կարգում պատանիների Եվրոպայի կրկնակի չեմպիոն Վաղարշակ Քեյանը երկրորդ հաղթանակն է տոնել։ Հայ բռնցքամարտիկի մրցակիցը Ռումինիայի ներկայացուցիչն էր: Քեյանը հաղթել է 5-0 հաշվով:

52 կգ քաշայինների մրցապայքարում Հայաստանը ներկայացնող Արեն Խառատյանը վստահ առավելության է հասել էկվադորցի բռնցքամարտիկի նկատմամբ։ Առաջին ռաունդում փոքրիկ լարվածություն է նկատվել մեր մարզիկի կողմից, իսկ արդեն երկրորդ և երրորդ ռաունդներում հայ բռնցքամարտիկը թելադրողի դերում է եղել։ Արդյունքում՝ հաղթանակ 5։0 հաշվով։

Տիգրան Մակիչյանը ևս հաղթել է 5-0 հաշվով՝ առավելության հասնելով Թուրքմենստանի ներկայացուցիչ Մեքան Սաբուրովի նկատմամբ։ Հայ մարզիկն առաջին ռաունդից սկսած ուներ մեծ առավելություն և նույնիսկ երկու անգամ նոկդաունի է ենթարկել մրցակցին։ 

+80 կգ քաշայինների պայքարում ռինգից հաղթանակած է դուրս եկել նաև Տիգրան Խաչատրյանը։ Հայ բռնցքամարտիկն առանց մեծ դժվարության հաղթել է ռումինացի Տեաֆոն Ալեքսանդրուին։ Երեք ռաունդներում էլ Տիգրանը վստահ է գործել և շանս չի տվել մրցակցին։

Օրվա 5-րդ հաղթանակը տոնել է Ալիկ Կճոյանը։ 63-կգ քաշայինների պայքարում նա առավելության է հասել Ղրղզստանի ներկայացուցչի նկատմամբ ու դուրս եկել 1/4 եզրափակիչ։ Հայ մարզիկը մրցակցին նաև նոկդաունի է ենթարկել։

66 կգ քաշային Արգիշտի Հակոբյանը ևս ռինգից հեռացել է հաղթանակած։ Նրա մրցակիցն էր Ղրղզստանը ներկայացնող Ռամազան Իսաևը: Հայ բռնցքամարտիկը մենամարտի առաջին իսկ վարկյանից թելադրողի դերում էր և գերվստահ հաղթանակ է տարել 5-0 հաշվով: Նա շատ արդյունավետ է գործել գրոհելիս և գրեթե միշտ նպատակին է հասցրել հարվածները։ 

Մրցումային օրը ավարտվել է ֆանտաստիկ հաղթանակով: 70 կգ քաշային կարգում հանդես եկող Սամվել Սիրամարգյանի մցակիցն էր Իրանցի Սաջեդիջաբլոուն Մահանը: Զիջելով առաջին ռաունդում 1:4 հաշվով՝ երկրորդ ու երրորդ ռաունդներում Սամվելը ցույց է տվել կամային բարձր որակներ և բեկել մենամարտի ընթացքը։ Հայ մարզիկը նաև նոկդաունի է ենթարկել մրցակցին ու հաղթել 5-0 հաշվով: