Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը նոր ֆուտբոլային գործակալ ունի: 23-ամյա հայ ֆուտբոլիստը սկսել է աշխատել Հենրիխ Մխիթարյանի գործակալ Ռաֆաելա Պիմենտայի հետ:
Transfermarkt-ի պորտալում Ռաֆաելա Պիմենտայի էջի համաձայն՝ Էդուարդ Սպերցյանը համալրել է իր կողմից ներկայացվող ֆուտբոլիստների կազմը: Հարկ է նշել, որ պորտալում իր էջը կարող է խմբագրել միայն ինքը՝ Ռաֆաելան։
Անցած ամռանը Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային գործերով զբաղվում էր CAA Stellar գործակալությունը, որը փորձում էր կազմակերպել ֆուտբոլիստի տեղափոխությունը Ամստերդամի «Այաքս»: Սակայն Սպերցյանը գործակալության հետ պայմանագիր ուներ միայն ամառային տրանսֆերային պատուհանի համար։
Ընդգծենք, որ Ռաֆաելա Պիմենտան բրազիլացի գործակալ է, որն ի սկզբանե աշխատել է Մինո Ռայոլայի ղեկավարությամբ, բայց 2022թ․ նրա մահից հետո նա «ժառանգել է» նրա գործերը և ֆուտբոլիստներին։
Նա համարվում է առաջին կին ֆուտբոլային «սուպեր գործակալներից» մեկը։
Ռաֆաելա Պիմենտայի հաճախորդներն են Հենրիխ Մխիթարյանը, Պոլ Պոգբան, Էրլինգ Հալանդը, Դե Լիխտը, Մարկո Վերատին և այլ հայտնի ֆուտբոլիստներ։ Հատկանշական է, որ Ռաֆաելայի հովանու ներքո գտնվող 44 ֆուտբոլիստ կա, իսկ նրանց ընդհանուր տրանսֆերային արժեքը կազմում է 437 մլն դոլար։