Ջոկովիչը մարզական կարիերայում ռեկորդային՝ 7-րդ անգամ հաղթել է ATP ամփոփիչ մրցաշարը և գերազանցել է Ռոջեր Ֆեդերերի ցուցանիշը (6 հաղթանակ):
Մրցաշարի եզրափակիչում սերբ թենիսիստը իտալացի Յանիկ Սիների դեմ խաղում հաղթել է 6-3, 6-3 հաշվով:
ATP ամփոփիչ մրցաշարերում անցակացրած 61 խաղերում Ջոկովիչը պարտվել է ընդամենը 6-ում՝ ցույց տալով 90%–անոց արդյունք։
Այս տարի Ջոկովիչը կարիերայի ընթացքում չորրորդ անգամ մեկ մրցաշրջանի ընթացքում երեք «Մեծ սաղավարտի» տիտղոս է նվաճել՝ Ավստրալիայի բաց առաջնությունում, «Ռոլան Գարոսում» և Ամերիկայի բաց առաջնությունում: Իսկ «Ուիմբլդոնի» մրցաշարում խաղացել է եզրափակչում։
Նովակ Ջոկովիչն ընթացիկ մրցաշրջանի արդյունքներով արդեն երաշխավորել է աշխարհի առաջին ռակետի կոչումը: Թենիսիստն ութերորդ անգամ տարին կավարտի այդ կարգավիճակով և կթարմացնի սեփական ռեկորդը։ Ջոկովիչն իր ռեկորդային 400-րդ շաբաթը կանցկացնի ATP-ի վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականում:
Ջոկովիչն այս մրցաշրջանում 40-րդ անգամ է դարձել «Մասթերս» շարքի մրցաշարի հաղթող՝ նոյեմբերի 5-ին հաղթելով Փարիզում: Օգոստոսին՝ ամերիկյան Ցինցինատիում, նա հաղթել էր նույն շարքի մրցումներում։ Ընդհանուր առմամբ, 2023–ի մրցաշրջանում սերբը հաղթել է 6 մրցաշարում։
Ջոկովիչն իր կարիերայի ընթացքում նվաճել է ATP-ի 97 տիտղոս, ինչպես նաև ռեկորդային 24 հաղթանակ է տարել «Մեծ սաղավարտի» մրցաշարերում: