Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանն արծաթե մեդալ է նվաճել՝ եզրափակչում զիջելով Նաչին Մոնգուշին (UWW)։
2022 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Մանվել Խնձրցյանը Մ23 տարեկանների ԱԱ-ում պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 11:0 հաշվով առավելության է հասել ԱՄՆ ներկայացուցիչ Կուպեր Ֆլինի նկատմամբ, քառորդ եզրափակչում հայ ըմբիշը 2:1 հաշվով ուժեղ է գտնվել գերմանացի ըմբիշից, իսկ կիսաեզրափակչում 13-3 հաշվով առավելության է հասել Մոնղոլիայի ներկայացուցչի նկատմամբ:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, Եվրոպայի և աշխարհի երիտասարդական առաջնությունների բրոնզե մեդալակիր Սերգեյ Սարգսյանը վնասվածքի պատճառով չի ներկայացել բրոնզե մեդալի համար գոտեմարտին: Հաղթանակը շնորհվել է Թուրքիայի ներկայացուցիչ Օկտայ Սիֆցիին:
Սերգեյ Սարգսյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 7:0 հաշվով առավելության է հասել Ավտսրալիայի ներկայացուցիչ Թոմաս Ջոն Մաքգլինչի Բարնսի նկատմամբ: Քառորդ եզրափակչում Սարգսյանը հաղթահարել է վրացի Մերաբ Սուլեյմանիշվիլիի արգելքը (14:14): Կիսաեզրափակչում, սակայն, հայ ըմբիշը պարտություն է կրել՝ զիջելով ԱՄՆ ներկայացուցիչ Իսահակ Ուիթման Թրամբլին (0:11):
Բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն է ստացել նաև 79 կգ քաշային Մենուա Յարիբեկյանը: Առաջին սփոփիչ գոտեմարտում Յարիբեկյանը 11:0 հաշվով առավելութան է հասել Իսպանիայի ներկայացուցիչ Գաբրիել Իգլեսիաս Ռամոսի նկատմամբ, սակայն երկրորդում զիջել է հնդիկ մրցակցին և դուրս է մնացել հետագա պայքարից:
Այսպիսով, Մ23 տարեկանների ԱԱ-ում Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը՝ Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ է նվաճել:
Հայաստանի թիմի կազմում երիտասարդական ԱԱ-ի բրոնզե մեդալին ավելի վաղ արժանացել էր Մեժլում Մեժլումյանը: 61 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար գոտեմարտում Մեժլումյանն ուժերը չափել է չեզոք դրոշի ներքո հանդես եկող Իվան Հրամիկայի հետ և 11-0 հաշվով վստահ հաղթանակ տարել: Հայ ըմբիշը մեկնարկային գոտեմարտում պարտվել էր չեզոք դրոշի ներքո ելույթ ունեցող ռուսաստանցի Բաշիր Մագոմեդովին: Վերջինս դուրս էր եկել եզրափակիչ, ինչի արդյունքում Մեժլումյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու և բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն էր ստացել: Սփոփիչ գոտեմարտում Մեժլումյանը 11-0 հաշվով առավելության էր հասել ամերիկացի Խուլիան Չլեբովեի նկատմամբ:
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականի մյուս անդամները տարբեր փուլերում պարտություններ են կրել և դուրս մնացել հետագա պայքարից:
Հոկտեմբերի 27-ից մրցագորգը կտրամադրվի հունահռոմեական ոճի երիտասարդ ըմբիշներին: Հայաստանի թիմի կազմում ընդգրկված են Մանվել Խաչատրյանը (55 կգ), Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Յուրիկ Հովեյանը (63 կգ), Սահակ Հովհաննիսյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Հենրիկ Գևորգյանը (77 կգ), Կարեն Խաչատրյանը (82 կգ), Սամվել Սարգսյանը (87 կգ), Հայկ Խլոյանը (97 կգ) և Ռազմիկ Քուրդյանը (130 կգ):
Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունը կավարտվի հոկտեմբերի 29-ին: