«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը շաբաթական առնվազն 1 միլիոն եվրո է վաստակում: Այդ մասին պատմել է ֆուտբոլիստի խորհրդական և իրավաբան Ռամի Աբբասը։ Այդ գումարը ներառում է ոչ միայն ակումբի աշխատավարձը, այլև առևտրային գործարքներից ստացված եկամուտները․ հաղորդում է The Guardian-ը:
Աբասն այդ մասին պատմել է Հարվարդի բիզնես դպրոցի հետազոտության շրջանակներում: Ռամին և Մոհամեդը համաձայնեցրել են, որ բանակցությունների ընթացքում ասված իրենց խոսքերը մեջբերվեն։
«Ես ի սկզբանե դրական էի վերաբերում բանակցություններին, բայց հիմա, երբ Ռամին ասաց ինձ, որ մեր պայմանները մերժվել են, ես այլ կերպ եմ վերաբերվում իրերին: Ես կարծում եմ, որ դա լավ է: Ես զգում եմ, որ ակումբը ցանկանում է, որ ես մնամ, և ես ուզում եմ մնալ, բայց համաձայնագիր կնքելը հեշտ չէ», – ասել է Սալահը:
«Եթե մենք «Լիվերպուլին» համոզենք վճարել պահանջվող աշխատավարձը, և եթե Մոհամեդը հանդես գա այն մակարդակով, որին նա հասել է նախորդ մրցաշրջաններում, ապա ակնկալում ենք, որ ընդհանուր գումարը, որը կստանա Մոհամեդը, կկազմի տարեկան 54-62 միլիոն եվրո»,-հավելել Է Աբասը:
Թե որքան է վճարում Սալահին «Լիվերպուլը», չի նշվում: Ակումբի աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստն իր եկամուտների մեծ մասը ստանում է Adidas-ի, Եգիպտոսի Bank of Alexandria-ի, PepsiCo-ի, Gucci-ի և Mountain View անշարժ գույքի ապրանքանիշի հետ համագործակցության շնորհիվ: