Սպորտ

«Պատրաստ ենք Թուրքիայի հավաքականի հետ հանդիպմանը»․ Պետրակով

ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի Թուրքիա-Հայաստան հանդիպմանն ընդառաջ՝ սեպտեմբերի 7-ին, «Յենի Էսքիշեհիր» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի և կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի նախախաղային մամուլի ասուլիսը:

Էդուարդ Սպերցյանը նշել է, որ կարևոր խաղ է:

«Այս պահին մենք մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում ենք: Այս խաղը կարևոր է նաև մրցաշարային աղյուսակի տեսանկյունից: Կարող եմ ասել, որ մեզ մնացել է 5 խաղ, և յուրաքանչյուր խաղը եզրափակչի նման է: Եկեք սպասենք խմբային մրցաշարի վերջին և տեսնենք՝ ինչպես կստացվի: Ընդհանրապես ֆուտբոլիստները միշտ էլ սիրում են խաղալ լեփ-լեցուն տրիբունաների ներքո: Հուսով ենք, որ այն փաստը, որ վաղը մարզադաշտը լի է լինելու երկրպագուներով, մեզ վրա մեծ ազդեցություն չի թողնի: Մենք ունենք մեր խաղի պլանը և կփորձենք խաղալ հենց մեր ֆուտբոլը»,- ընդգծել է ֆուտբոլիստը:

Ալեքսանդր Պետրակովն ասուլիսին նշել է, որ վաղվա խաղի ծրագրի կամ տակտիկական սխեմայի վերաբերյալ  ոչինչ չի ասի:

«Կարծում եմ՝ շատ կարևոր խաղ է վաղը մեզ սպասվում: Եթե Թուրքիայի հավաքականը կարողանա հաղթել, ապա 90 տոկոսով կկարողանա լուծել Եվրո-2024-ի եզրափակիչ դուրս գալու հարցը: Իսկ այդ պարագայում մենք կբարդացնենք մեր խնդիրը: Կարող եմ մեկ անգամ ևս կրկնել այն, ինչ ասաց Էդուարդ Սպերցյանը, որ մեզ 5 եզրափակիչ է սպասվում»,- ասել է մարզիչը:

Անդրադառնալով Տիգրան Բարսեղյանի վնասվածքին՝ Պետրակովը նշել է, որ դա շատ մեծ բացասական ազդեցություն չի թողնի խաղի վրա․ «Մենք միմյանց հետ խոսեցինք, շատ լավ բաժանվեցինք: Ես խնդրեցի նրան գնալ և բուժվել: Բարեբախտաբար, հարձակման գծում ունենք խաղացողներ, որոնք կկարողանան փոխարինել Բարսեղյանին վաղվա խաղում»:

Պետրակովը նշել է նաև, որ Թուրքիայի հավաքականում շատ լավ խաղացողներ կան և առանձնացրել է Չենգիզ Ունդերին և Հական Չալհանօղլուին: