Սպորտ

«Նոա» ֆուտբոլային ակումբի սեփականատերը փոխվել է

Հայաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Նոա» ֆուտբոլային ակումբի սեփականատերը փոխվել է։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: ՆՈԱ հոլդինգի նախագահ Ռոման Գևորկյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ տեղեկացնելով, որ ակումբը նոր սեփականատեր ունի՝ ի դեմս «Digitain» ընկերությունների խմբի նախագահ Վարդգես Վարդանյանի:

«Հարգելի՛ ընկերներ, գործընկերներ, երկրպագուներ, Հայաստանի ֆուտբոլային համայնք,
Շուրջ հինգ տարի ՖԱ «Նոա»-ն եղել է մեր հոլդինգի դրոշակակիրը, որի նշանի տակ միավորված են եվրոպական մի քանի ակումբներ։

Որպես հոլդինգի առաջին թիմ՝ ՖԱ «Նոա»-ն անցել է եվրոպական ֆուտբոլային ակումբի ձևավորման բոլոր փուլերը՝ ունենալով օրինաչափ հաջողություններ ու անխուսափելի սայթաքումներ, որոնցից էլ բաղկացած է ֆուտբոլը, ինչն, անկասկած, նպաստել է եվրոպական ֆուտբոլային ասպարեզ մուտք գործելուն։ Մենք մեր առջեւ դրեցինք հավակնոտ նպատակներ, որոնցից շատերին կարողացանք հասնել։ Հինգ տարվա ընթացքում «Նոա» ՖԱ-ն նվաճեց Հայաստանի գավաթն ու Սուպերգավաթը (մասնակցության առաջին տարում), երկու անգամ դարձավ երկրի փոխչեմպիոն և խաղաց ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների գավաթում։ Բացի այդ, մեծ աշխատանք է կատարվել մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման գործում․ հարյուրավոր երիտասարդներ սկսեցին մարզվել «Նոա» ակադեմիայում, որտեղ ներդրվեց իսպանական «Վիլյառեալի» զարգացման մեթոդաբանությունը։ Սրանք հաղթանակների ու պարտությունների, հույսերի իրականացման տարիներ էին, «Նոա»-ն դարձավ ակումբ, որն իր արժանի տեղն է զբաղեցնում Հայաստանի ֆուտբոլային համայնապատկերում։

Շնորհակալ եմ ֆուտբոլիստներին, մարզչական շտաբի անդամներին և ակումբի ղեկավարությանը, բոլոր նրանց, ովքեր տարբեր ժամանակներում իրենց ուժը, եռանդն ու պրոֆեսիոնալիզմն են ներդրել  «Նոա»-ի կայացման գործում։

Այժմ «Նոա» ՖԱ-ի զարգացման հետագա վեկտորը կորոշի ակումբի նոր սեփականատերը՝ մեր վաղեմի բարեկամ գործարար և բարերար Վարդգես Վարդանյանը, ում ի թիվս այլոց պատկանում են Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի առաջատարներից Digitain ընկերությունների խումբը, ինչպես նաև Armenia Wine ընկերությունը. ձեռնարկություններ, որ վաղուց ապացուցել են, որ տիրապետում են իրական և երկարաժամկետ հաջողության հասնելու գաղտնիքին: Վստահ եմ, որ նոր սեփականատարերի հովանու ներքո ակումբն իր համար բարձ նշաձող կսահմանի ու կհասնի նորանոր հաջողություններ։

Իսկ մենք կշարունակենք լինել «ՆՈԱ»-ի հավատարիմ երկրպագու և ուրախանալ թիմի յուրաքանչյուր ձեռքբերումով»: