Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը, ով մոտ է «Ռեալ Սոսյեդադ» տեղափոխությունն ավարտին հասցնելուն, իսպանական ակումբում նորամուտը կարող է նշել արդեն այս հանգստյան օրերին: Այս մասին հայտնում է Marca-ն։
Աղբյուրի տեղեկություններով, քանի որ Զախարյանն ընթացիկ մրցաշրջանում արդեն հասցրել է մի քանի հանդիպում անցկացնել «Դինամոյի» կազմում, նա կարող է խաղադաշտ դուրս գալ «Ռեալ Սոսյեդադի» կազմում առաջիկա խաղին, եթե մարզչական շտաբը դա նպատակահարմար համարի կիսապաշտպանի մի քանի մարզումներից հետո:
Ավելի վաղ «Чемпионат»-ը հայտնել էր, որ այսօր՝ օգոստոսի 15-ին, Զախարյանը բուժզննում կանցնի «Ռեալ Սոսյեդադ» տեղափոխությունը ձևակերպելու համար: Կիսապաշտպանն արդեն Իսպանիայում է։
«Ռեալ Սոսյեդադը» կխաղա օգոստոսի 19-ին: Զախարյանի հավանական նոր ակումբի մրցակիցը կլինի «Սելտան»։