Սպորտ

Տիկնիզյանը բացառիկ նվաճման է հասել. Opta Sports

Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը յուրահատուկ նվաճման հեղինակ է դարձել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի շրջանակներում: Այս մասին հայտնում է Opta Sports-ը:

Տիկնիզյանը երկու գոլի հեղինակ է դարձել Վորոնեժի «Ֆակելի» հետ ՌՊԼ-ի 2-րդ տուրի խաղում (4:1): Այս խաղը պաշտպանի համար չորրորդ անընդմեջ խաղն էր Ռուսաստանի առաջնության շրջանակներում, որում նա կարողացել է գրավել մրցակիցների դարպասը: Մինչ այդ ՌՊԼ-ում պաշտպանության խաղացողներից ոչ մեկին չի հաջողվել նման արդյունքի հասնել։

Տիկնիզյանի նվաճումը եզակի է նաև նրանով, որ 21-րդ դարում եվրոպական թոփ-5 լիգաներում նման արդյունքի հաջողվել է հասնել միայն մեկ ֆուտբոլիստի՝ Քրիստիան Տերլիցին, որը գոլի հեղինակ է դարձել 4 խաղում անընդմեջ՝ 2005թ. խաղալով «Պալերմոյի» կազմում։

Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում ՌՊԼ-ի երկու հանդիպումներում 24-ամյա հայ ֆուտբոլիստը արդեն դարձել է 3 գոլի հեղինակ: