ՈւԵՖԱ-ն հեռացրել է Թուրինի «Յուվենտուսին» 2023/24 մրցաշրջանի եվրոպական մրցաշարերից՝ ֆինանսական «fair play»–ի կանոնները խախտելու համար։ Այս մասին հաղորդում է Sportrbc–ն՝ հղում անելով կազմակերպության մամուլի ծառայությանը։
Իտալական ակումբը չի խաղա Կոնֆերենցիաների լիգայում։ Թուրինցիները նաև տուգանվել են 20 մլն եվրոյով, որից 10 միլիոն եվրոն պայմանական է, եթե ակումբը 2023, 2024, 2025 ֆինանսական տարիներն ամփոփի առանց խախտումների։
Բացի այդ, ՈւԵՖԱ-ի կողմից «Չելսին» տուգանվել է 10 միլիոն եվրոյով՝ ֆինանսական «fair play»–ի կանոնները խախտելու համար:
Corriere dello Sport-ը հուլիսի սկզբին հայտնել էր, որ «Յուվենտուսի» ղեկավարությունը համաձայնել է ՈՒԵՖԱ-ի հետ գործարքին, որի համաձայն՝ ակումբը մեկ տարով կհեռացվի եվրոպական մրցաշարերից և կհրաժարվի այս որոշումը բողոքարկելու իրավունքից:
ՈւԵՖԱ-ն, իր հերթին, համաձայնել է սահմանափակվել մեկ տարով որակազրկմամբ:
Նախկինում La Gazzetta dello Sport-ը գրել էր, որ ՈՒԵՖԱ-ն կարող է մի քանի տարով հեռացնել ակումբին եվրոպական մրցաշարերից՝ ոչ միայն ֆինանսական խարդախության, այլև եվրոպական Սուպերլիգայի նախագծին աջակցելու համար: