Սպորտ

«Անկեղծ ասեմ, ես սիրում եմ հայաստանցի ֆուտբոլիստներին». Օլիչը խոսել է Սպերցյանի հնարավոր տեղափոխության մասին

Խորվաթ հայտնի ֆուտբոլիստ Իվիցա Օլիչը խոսել է նաև հայ ֆուտբոլիստների և Սպերցյանի՝ թոփ-ակումբներից մեկը տեղափոխվելու հնարավորություններից։

«Անկեղծ ասեմ, ես սիրում եմ հայաստանցի ֆուտբոլիստներին։ Նախկինում նրանք շատ էին Ռուսաստանում, այժմ էլ։ Ինձ դուր է գալիս նրանց բնավորությունը՝ չեն ցանկանում պարտվել, պայքարում են և ամեն ինչ տալիս են խաղադաշտում։ Հայաստանը բնավորությամբ մի քանի որակյալ խաղացողներ ունի, այդ խաղացողները որոշակի որակներ ունեն։ Եթե հավաքականում լավ մթնոլորտ լինի, լավ արդյունք կունենան»,- ասել է Օլիչը։

Հարցին, թե ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ Սպերցյանի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Մադրիդի «Ռեալը» և «Մանչեսթր Սիթին»։ Հնարավոր է «Կրասնոդարից» հետո տեղափոխվել նման թոփ-ակումբներ, Օլիչը նշել է, որ հնարավոր է։ 

«Ես կարծում եմ՝ այո: Սպերցյանն արդեն փորձառու ու բարձրակարգ խաղացող է։ Նա մի քանի տարի է, ինչ խաղում է ՌՊԼ-ում, խաղադաշտում տարբերություն է ստեղծում, հավաքականում լավ հանդիպումներ է անցկացրել ուժեղ թիմերի դեմ, ինչո՞ւ ոչ։ Կարծում եմ, որ նա կարող է թոփ ակումբներ գնալ»,- ավելացրել է խորվաթ նախկին ֆուտբոլիստը։