Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Վազգեն Բադալյանի գլխավորությամբ հաջող մրցելույթներ է ունեցել Վրաստանի Գորի քաղաքում կայացած աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Գեորգի Կանդելակիի անվան միջազգային մրցաշարում, որին մասնակցում էին Վրաստանի, Հայաստանի, Ղազախստանի, Հունգարիայի, Իսրայելի, Թուրքիայի և Ադրբեջանի բռնցքամարտիկները։
Հայ բռնցքամարտիկներից մրցաշարի հաղթողներ են դարձել 48 կգ քաշային Հովհաննես Հարությունյանը, 75 կգ քաշային Արմեն Պողոսյանը և 86 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը։ Ընդ որում՝ Հովհաննիսյանն ու Պողոսյանը եզրափակչում հաղթել են համապատասխանաբար ադրբեջանցի և թուրք մարզիկներին։
Արծաթե մեդալակիրներ են դարձել 54 կգ քաշային Արման Արզումանյանը, 63,5 կգ քաշային Հարություն Խաչատրյանը և գերծանր քաշային Միսակ Տեպանյանը։ Եվս երեք բռնցքամարտիկ` Լևոն Վարդումյանը, Արթուր Ավետիքյանը և Արթուր Խաչատրյանը, նվաճել են բրոնզե մեդալ։ Մոտ օրերս մեր երիտասարդական ընտրանին ուսումնամարզական հավաք կանցկացնի Օլիմպավանում և կմասնակցի Մինսկում կայանալիք ԱՊՀ երկրների առաջնությանը։