Սպորտը ոչ մի դեպքում չպետք է քաղաքականացվի, սակայն Ադրբեջանի կողմից ամիսներ շարունակ Արցախը շրջափակման մեջ պահելու փաստը հակառակն է ապացուցում: Արցախցի մարզիկները շարունակում են զրկված մնալ ՀՀ-ում և արտերկրում անցկացվող միջոցառումներին մասնակցելու հնարավորությունից, հայտնում է Արցախի ԿԳՄՍՆ-ն։
«2024 թվականի «ԿոնԻՖԱ»-ի աշխարհի առաջնության շրջանակում Արցախի ֆուտբոլի հավաքականը հուլիսի 10-ին Սուխումիում պետք է ընտրական հանդիպում ունենա Աբխազիայի հավաքականի հետ: Մեր ֆուտբոլիստներն ամիսներ առաջ են սկսել պատրաստվել, սակայն փակ ճանապարհը, ամենայն հավանականությամբ, դարձյալ խոչընդոտելու է մեր մարզիկների մասնակցությանը:
Նախատեսված մի շարք այլ միջոցառումներ, այդ թվում՝ Համահայկական խաղերը, նույնպես ստիպված կլինեն բաց թողնել արցախցի մարզիկները: Մեր մարզիկները համառ, ծանր ու երկարատև աշխատանք են կատարում Արցախը պատվով ներկայացնելու և իրենց երազանքներն իրականացնելու ճանապարհին, և ոչ մի փակ ճանապարհ չպետք է նրանց զրկի այդ իրավունքից»,- ասված է հայտարարությունում: