Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի եռակի գավաթակիր, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ազատոճային ըմբիշ Ստեփան Սարգսյանի անվան Գավաթի 25-րդ խաղարկության մրցումային երկրորդ օրը Հայաստանի ներկայացուցիչները 3 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալներ են նվաճել, հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն։
Հանդես գալով 57 կգ քաշային կարգում՝ Արսեն Հարությունյանը ոսկե մեդալ է նվաճել՝ եզրափակչում 11-1 հաշվով վստահ հաղթանակ տանելով Վրաստանի ներկայացուցիչ Գեորգի Գեգելաշվիլիի նկատմամբ: 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը ոսկե մեդալի համար գոտեմարտում 48 վայրկյանում փայլուն հնարքներով հաղթել է Բուլղարիայի ներկայացուցիչ Միկյա Նաիմին (13-1), իսկ Արման Անդրեասյանը եզրափակչում 5-3 հաշվով կամային հաղթանակ է տոնել Ղազախստանի ներկայացուցչի նկատմամբ:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը դարձել է արծաթե մեդալակիր՝ եզրափակչում զիջելով Մոլդովայի ներկայացուցչին:
Ազատոճային հայ ըմբիշներից բրոնզե մեդալի է արժանացել Մեժլում Մեժլումյանը՝ 61 կգ քաշայինների վճռորոշ գոտեմարտում առավելության հասնելով Ղազախստանի ներկայացուցչի նկատմամբ:
Ստեփան Սարգսյանի անվան Գավաթի 25-րդ խաղարկությանը մասնակցում են ավելի քան 15 երկրի ըմբիշներ: Մրցաշարի հաղթողը կստանա 3000, արծաթե մեդալակիրը` 2000, իսկ բրոնզե մեդալակիրը՝ 1000 ԱՄՆ դոլար: Նույնքան կստանա նաև չեմպիոնի մարզիչը: Մրցումները նախընտրական են Սերբիայում կայանալիք աշխարհի առաջնության համար, որը վարկանշային է Օլիմպիական խաղերի համար: