Ուելսի «Քարդիֆ Սիթի» մարզադաշտում Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի D խմբի երրորդ տուրի Ուելս-Հայաստան դիմակայությունն անցավ հետաքրքիր ու դինամիկ պայքարում։
Առաջին գոլը խփեցին դաշտի տերերը։ 10-րդ րոպեին հաշիվը բացեց Դենիել Ջեյմսը։ 19-րդ րոպեին պատասխան գոլի հեղինակ դարձավ Լուկաս Սելարայանը։
30-րդ րոպեին Հայաստանի հավաքականին հաշվի մեջ առաջ մղեց Հրանտ-Լեոն Ռանոսը։ Թիմերն այս հաշվով գնացին ընդմիջման՝ 1։2։
Երկրորդ խաղակեսը նույնպես ընթացավ փոխնիփոխ գրոհներով։ 66-րդ րոպեին Ռանոսը դուբլի հեղինակ դարձավ՝ հաշիվը դարձնելով 1։3։
72-րդ րոպեին Ուելսի հավաքականին հաջողվեց կրճատել հաշիվը։ Գոլն իր ակտիվում գրանցեց Հարրի Վիլսոնը, սակայն 3 րոպե անց դուբլ ձևակերպելու հերթն արդեն Սելարայանինն էր՝ 2։4։
78-րդ րոպեին Հայաստանի հավաքականի դարպասապահ Չանչարևիչին հարվածելու համար դաշտից հեռացվեց Ուելսի հավաքականի հարձակվող Քիֆեր Մուրը, սակայն հանդիպման մնացած ժամանակահատվածում հաշվի մեջ նոր փոփոխություն տեղի չունեցավ։
Պետրակովի սաները հաղթեցին 4։2 հաշվով` առաջին 3 միավորը վաստակելով Եվրո-2024-ի ընտրական փուլում։ Հաջորդ հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի Երևանում՝ հունիսի 19-ին հյուրընկալելով Լատվիայի ընտրանուն։