Նեյմարը ցանկանում է ՊՍԺ-ում անցկացրած 6 մրցաշրջանից հետո վերադառնալ «Բարսելոնա»: Ինչպես գրում է Diario Sport- ը, Լիոնել Մեսսիի վերադարձի շուրջ բանակցություններում ձախողումից հետո կատալոնական ակումբը մտադիր է ակտիվացնել պլան Բ-ն:
«Բարսելոնան» վստահ է, որ Լա Լիգայի կողմից հաստատված աշխատավարձի սահմանաչափը բավարար է թոփ մակարդակի աստղեր գնելու համար, այդ պատճառով վերլուծում է շուկան: Ակումբի նպատակն է աստղային տրանսֆեր իրականացնել, որը տարբերություն կստեղծի։
Չավին մրցաշրջանի համար պլաններ էր կազմում՝ հաշվի առնելով Մեսսիի հնարավոր վերադարձը և նույնիսկ մտադիր էր փոխել սխեման։ Մարզիչը խոսել է Լեոյի հետ և վստահ է եղել, որ արգենտինացին հաջորդ մրցաշրջանից կարևոր օղակ կդառնա «Բարսայի» հարձակման գծում: Սակայն Մեսսիի՝ «Ինտեր Մայամի» տեղափոխվելու որոշումից հետո ակումբը ստիպված կլինի հարձակման ուժեղացման այլ տարբերակներ դիտարկել:
«Բարսելոնային» առաջարկած ֆուտբոլիստների թվում է Նեյմարը: Կատալոնական ակումբ վերադառնալու համար բրազիլացին պատրաստ է նվազեցնել աշխատավարձը։