Սպորտ

«Ես ոգևորված եմ այս մեծ ակումբի մի մասը դառնալու համար». Հրանտ-Լեոն Ռանոս

Մյոնխենգլադբախի «Բորուսիան» ավարտին է հասցրել Մյունխենի «Բավարիայից» Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հրանտ-Լեոն Ռանոսի տեղափոխության պայմանագիրը: 19-ամյա խաղացողը ամռանը կմիանա անվճար․ պայմանագիրն ստորագրվել է մինչև 2027թ․:

«Հրանտ-Լեոնը շատ հետաքրքիր և տաղանդավոր խաղացող է, ով կարող է խաղալ ինչպես 9 համարի, այնպես էլ հարձակողական կիսապաշտպանի դիրքում»,- ասել է «Բորուսիայի» մարզական տնօրեն Ռոլան Վիրկուսը․ «Նա շատ տպավորիչ մրցաշրջան է անցկացրել Ռեգիոնալ լիգայում և ցանկանում է մեզ հետ ավելի բարձր մակարդակով ցույց տալ իրեն, և մենք կօգնենք նրան դա անել»:

«Ես ոգևորված եմ այս մեծ ակումբի մի մասը դառնալու համար: Դա մեծ քայլ է իմ կարիերայում, որին կմոտենամ՝ լի մոտիվացիայով և նվիրվածությամբ»,- ասել է Ռանոսը պայմանագիրը ստորագրելիս․ «Ռոլանդ Վիրկուսը շատ ջանք է գործադրել համոզելու ինձ՝ տեղափոխվել «Բորուսիա»: Ցանկանում եմ վերադարձնել այդ վստահությունն ու դրսևորել ինձ մարզումների ու խաղերի ժամանակ՝ արագ գտնելով տեղս թիմում»,- Ռանոսի խոսքերն է մեջբերել «Բորուսիայի» պաշտոնական կայքը: