Իսրայելի Հայֆա քաղաքում մեկնարկած սամբոյի Եվրոպայի առաջնության մեկնարկային օրը հայ սամբիստները հաջող են սկսել մրցելույթները և նվաճել են առաջին մեդալները, հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։
Մարզական սամբոյի 64 կգ և 79 կգ քաշային կարգերում բրոնզե մեդալների են արժանացել համապատասխանաբար Նարեկ Դալլաքյանը և Բորիս Շատվերյանը, մարտական սամբոյի՝ 58 կգ կարգում՝ Մխիթար Մխիթարյանը, իսկ մարզական սամբոյի 98 կգ քաշային կարգում հանդես եկող Արսեն Խանջյանը, պարզապես գերազանց ելույթներ է ունեցել:
Արսեն Խանջյանը նախ հաղթել է Ռուսաստանի ներկայացուցիչ Չեռնոսկուլովին, ապա ադրբեջանցի Ջավադզադեին, իսկ եզրափակչում՝ Վրաստանի ներկայացուցիչ Դավիդի Լոռիաշվիլուն և հռչակվել է Եվրոպայի չեմպիոն:
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունը կտևի մինչև ապրիլի 23-ը: Վաղն ասպարեզ կմտնեն մարզական սամբոյից Տիգրան Կիրակոսյանը /5 8կգ/, Արամ Աղաջանյանը /71 կգ/, Վահագն Չալյանը /88 կգ/, Նորիկ Խուրշուդյանը /+98 կգ/, կանանց մրցապայքարում՝ Վարսիկ Գրիգորյանը /54 կգ/ և մարտական սամբոն ներկայացնող Արման Ավանեսյանը /98 կգ/: