Սպորտ

Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիան խստորեն դատապարտում է Երևանում տեղի ունեցած միջադեպը

Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիան խստորեն դատապարտում է 2023 թվականի ապրիլի 14-ին Երևանում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ տեղի ունեցած միջադեպը, որի ժամանակ տղամարդը այրել է Ադրբեջանի դրոշը։ EWF-ն այս առումով հանդես է եկել հայտարարությամբ։ 

«EWF-ն այս չափազանց լուրջ արարքը համարում է հարձակում մարզական արժեքների ամբողջականության և արդար խաղի համընդհանուր սկզբունքների վրա։

EWF-ն անմիջապես արձագանքեց այս միջադեպին` հայտնելով իր հաստատակամ դիրքորոշումը Կազմկոմիտեի նկատմամբ և խնդրելով լրացուցիչ երաշխիքներ տրամադրել այս մրցույթի բոլոր մասնակիցների համար: EWF-ն մշտապես եղել է Ադրբեջանի Հանրապետության պատվիրակության հետ՝ իր լիակատար համերաշխությունն ու աջակցությունը հայտնելով մարզիկներին, մարզիչներին և պաշտոնյաներին։

EWF-ն անուշադրության չի մատնի այս իրադարձությունը և կքննարկի կատարվածի համատեքստում լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու հնարավորությունը։ Ցավում ենք, որ Ադրբեջանի պատվիրակությունը ստիպված է եղել լքել մրցույթը, բայց, միևնույն ժամանակ, հարգում ենք այդ որոշումը։ EWF-ի ղեկավարությունը կմասնակցի այս առաջնության շրջանակներում անցկացվող բոլոր միջոցառումներին՝ մինչև պատվիրակությունների մեկնումը, որպեսզի թիմերի անվտանգության բոլոր պայմանները պահպանվեն։

EWF-ն համերաշխ է Ադրբեջանի հավաքականի և ֆեդերացիայի հետ և հասանելի է ցանկացած տիպի աջակցության համար, որը պահանջում է սպորտի և արդար խաղի ոգին»: