Սպորտ

Ամփոփվել են ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնության անցկացման ուղղությամբ կատարված աշխատանքները

Ամփոփվել են ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնության անցկացման ուղղությամբ կատարված աշխատանքները

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, ծանրամարտի Եվրոպայի 2023թ․ առաջնության անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել հանձնաժողովի նիստը:

«Ծանրամարտի Եվոպայի առաջնության բացմանը մնացել է 10 օր, և այս հավաքով մենք կամփոփենք արված աշխատանքները, կտրվեն վերջին հաձնարարականները: Այս ընթացքում Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի հետ աշխատել ենք միջոցառման կազմակերպման ուղղությամբ: Երեկ այցելել եմ «Կիլիկիա» մարզադպրոց, որը լինելու է այս մրցումների հիմնական մարզումային սրահը. մենք նմանատիպ վերանորոգված, վերակառուցված, նման հնարավորություններով դահլիճ Հայաստանում չունենք: Կոնկրետ մարզադահլիճը ծանրամարտի առաջնությունից հետո ծառայելու է որպես բադմինթոնի, թենիսի մարզադահլիճ և, ըստ էության, վերանորոգումից հետո հանձնվելու է Երևանի քաղաքապետարանին»,- նշել է Արայիկ Հարությունյանը:

Հանդիպման ընթացքում ամփոփվել են կատարված աշխատանքները, հստակեցվել են նախապատրաստական ընթացիկ աշխատանքների ուղղությամբ առաջիկա անելիքները, քննարկվել են անվտանգության ապահովման, մարզիկների, պատվիրակությունների դիմավորման և տեխնիկական այլ հարցեր:

Արայիկ Հարությունյանը մեկ անգամ ևս ընդգծել է Հայաստանում ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը պատշաճ մակարդակով անցկացնելու անհրաժեշտությունն ու կարևորությունը:

Առաջնությունը տեղի է ունենալու Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 15-23-ը: Առաջնության բացման արարողությունը կայանալու է ապրիլի 14-ին:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական