Սպորտ

«Բավարիայի» ղեկավարները փորձել են կապ հաստատել Նագելսմանի հետ, սակայն նա չի պատասխանել զանգերին

«Բավարիայի» ղեկավարները չեն կարողացել զանգահարել Յուլիան Նագելսմանին՝ հայտնելու պաշտոնանկության մասին։

Հիշեցնենք, որ «Բավարիայի» գլխավոր տնօրեն Օլիվեր Կանը Դորտմունդի «Բորուսիայի» հետ խաղից (4:2) առաջ ասել էր, որ Յուլիանն առաջինն է իմացել իր պաշտոնանկության մասին: Ավելի ուշ Sport 360 գործակալությունը, որը ներկայացնում է Նագելսմանի շահերը, հայտարարել է, որ դա ճիշտ չէ, քանի որ նրանք ստիպված են եղել կապ հաստատել «Բավարիայի» մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչի հետ այն բանից հետո, երբ մամուլում հայտնվել են 35-ամյա մարզչի մոտալուտ հեռանալու լուրերը:

Ինչպես հայտնում է Daily Mail-ը՝ հղում անելով գերմանական  Bild-ին, «Բավարիայի» ղեկավարներն իսկապես փորձել են առաջին հերթին կապ հաստատել Նագելսմանի հետ: Մարտի 23-ի երեկոյան Bild-ի լրագրողները տեղեկացել են, որ Նագելսմանին սպառնում է մոտալուտ հրաժարական, և կապ են հաստատել նրա ներկայացուցիչների հետ՝ լուրը հաղորդելու համար: Մարզչի ներկայացուցիչները պատասխանել են, որ այդ մասին ոչինչ չեն լսել։

Ավելի ուշ մյունխենյան ակումբի աղբյուրները հայտնել են, որ այդ օրը ղեկավարությունը փորձել է կապ հաստատել Նագելսմանի հետ, սակայն Ավստրիայի լեռնադահուկային հանգստավայրում հանգստացող մարզիչը չի պատասխանել զանգերին:

Նույն օրը երեկոյան «Բավարիայի» ներկայացուցիչները, այնուամենայնիվ, զանգահարել են Նագելսմանին և ասել, որ նա վերադառնա Գերմանիա և հանդիպի Օլիվեր Կանի և Հասան Սալիհամիջիչի հետ: Հաջորդ օրը 35-ամյա մասնագետն անձամբ տեղեկացվել է իր պաշտոնանկության մասին։