Սպորտ

Ալեքսանդր Պետրակովն ունի մեծ ցանկություն այստեղ ինչ-որ բան փոխելու. Հրանտ-Լեոն Ռանոս (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանի ազգային հավաքականի նորեկ, Մյունխենի «Բավարիայի» երիտասարդական թիմի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին հարցազրույցն է տվել ՀՖՖ մամուլի ծառայությանը, և նշել, որ Հայաստանի ազգային հավաքանում ելույթ ունենալու որոշումը հեշտ  է կայացրել:

«Ես սիրում եմ Հայաստանը, հպարտ եմ, որ հայ եմ: ՀՖՖ նախագահի զանգից հետո խոսեցի ընտանիքիս հետ: Հետո պատասխանեցի Արմեն Մելիքբեկյանին, որ ցանկանում եմ ելույթ ունենալ Հայաստանի հավաքականում»,- ասել է հայազգի ֆուտբոլիստը։

Հրանտը պատմել է նաև, որ մեկ տարի խաղացել է Դորտմունդի «Բորուսիայում», հետո առաջարկ է ստացել «Բավարիայից»: «Մեկ շաբաթով գնացի Մյունխեն, ծանոթացա «Բավարիայի» համակարգին և ստորագրեցի պայմանագիր: Այժմ ելույթ եմ ունենում Ռեգիոնալ լիգայում, որտեղ մակարդակը բավականին լավն է, այնտեղ հեշտ է զարգացնել խաղային որակները»:

«Ազգային թիմում ամենաշատը շփվում եմ Գերմանիայից եկած տղաների՝ Սարգիս Ադամյանի և Երջանիկ Ղուբասարյանի հետ: Ադամյանը խորհուրդ է տվել չլարվել և խաղալ իմ ֆուտբոլը: Ալեքսանդր Պետրակովն շատ է սիրում ֆուտբոլը։ Նա ունի մեծ ցանկություն այստեղ ինչ-որ բան փոխելու: Ես շատ երիտասարդ եմ, բայց հնարավոր ամեն բան կանեմ, որ օգնեմ թիմին»,- նշել է 19-ամյա ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ Հրանտ-Լեոն Ռանոսը այս ամիս է հրավեր ստացել խաղալու ազգային հավաքականում, սակայն փաստաթղթային հարցերով պայմանավորված չի մասնակցել Թուրքիայի հավաքականի դեմ հանդիպմանը։ Ֆուտբոլիստը, ամենայն հավանականությամբ, հանդես կգա Կիպրոսի դեմ ընկերական խաղում, որը տեղի կունենան վաղը՝ ժամը 19․00-ին։