Սպորտ

«Ճիշտ ճանապարհի վրա ենք, կկարողանանք լավ արդյունքների հասնել»․ Պետրակով

Երկուստեք լավ խաղ էր, բնականաբար սխալներ եղան, բայց, ընդհանուր առմամբ, իմ սաների խաղից գոհ մնացի։ Այս մասին Թուրքիայի ընտրանու հետ հանդիպումից հետո հայտարարեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը։ 

«Չեմ կարծում, որ ուշացրեցի փոփոխությունները, քանի որ այս թիմի հետ ընդամենը մեկ շաբաթ եմ աշխատել և դժվար է ճանաչել նրանց ուժեղ և թույլ կողմերը։ Ինչ վերաբերում է սխեմայի փոփոխությանը, այո, մենք անցանք 4 պաշտպանի, որովհետև Ստյոպա Մկրտչյանը դեղին քարտ ուներ և, բացի այդ, թուրքերը ևս անցել էին 4 պաշտպանով խաղի։ Հայելային սխեմայով էինք խաղում, ստացվեց այն, ինչ ստացվեց»,- ասաց Պետրակովը։ 

Հարցին, թե ինչպե՞ս գլխավոր մարզիչը կգնահատի Թուրքիայի հավաքականը խաղը, Պետրակովը պատասխանեց․ «Ես պետք է քնեմ, արթնանալուց հետո դիտեմ խաղը, որից հետո կպատասխանեմ Ձեր հարցին»։ 

Գլխավոր մարզիչը նշեց, որ մարզադաշտում հիանալի մթնոլորտ էր տիրում, երկրպագուները հիանալի աջակցություն էին ցուցաբերում։ 

«Ներողություն եմ խնդրում պարտության համար։ Յուրաքանչյուր արդյունքի պատասխանատուն և մեղավորը մարզիչն է, այդպես է պահանջում մարզչի մասնագիտությունը»,- ասաց Պետրակովը։ 

Նա հավելեց, որ ժամանակ է պետք։ «Եթե իրար վստահենք, ճիշտ ճանապարհի վրա ենք գտնվում և կկարողանանք լավ արդյունքների հասնել։ Ճամպրուկս հավաքած է, միշտ կարող եմ հեռանալ, բայց դեռ չեմ պատրաստվում»։