Հայաստանի մարմնամարզության հավաքականի մարզչին արտաքսել են Կատարից
Սպորտ
7 Մարտի, 15:46
Մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունից առաջ Հայաստանի մարմնամարզության հավաքականի մարզիչ Հայկ Նազարյանին 5 տարով արտաքսել են Կատարից։
Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն ասուլիսի ժամանակ պատմել է. «Երբ ժամանեցինք Դոհա, անձնագրային ստուգման ժամանակ Հայկ Նազարյանին շատ երկար պահեցին` գրեթե 24 ժամ, իսկ հետո իմացանք, որ 5 տարով արտաքսել են: Բայց մեզ համար անհասկանալի է, թե ինչի համար»:
Նրա խոսքով` դա հոգեբանական վատ ազդեցություն է ունեցել ամբողջ թիմի վրա, բայց չնայած դրան` տղաները բավական արդյունավետ են հանդես եկել. «Արթուր Դավթյանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ աշխարհի չեմպիոն է։ Մենք մրցումի մեկնելիս էլ գիտեինք, որ Արթուրը մեդալ է նվաճելու, բայց մենք նաև անակնկալներ ունեցանք Դոհայում։ Գագիկ Խաչիկյանը արծաթե մեդալակիր դարձավ` չնայած մրցում էր աշխարհի գործող չեմպիոնի հետ, որը զբաղեցրեց 5-րդ տեղը, իսկ գործող փոխչեմպիոնը 7–րդ տեղում էր։ Մեծ հաջողություն էր նաև Արթուր Ավետիսյանի 3-րդ տեղը»,– նշեց նա։
Հետևեք մեզ Telegram-ում