Սպորտ

Ալեքսանդր Պետրակովը Գործադիր կոմիտեի անդամներին ներկայացրել է մեկ ամսվա ընթացքում կատարված աշխատանքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Փետրվարի 23-ին կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեի հերթական նիստը, որին ներկա է եղել նաև Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Ուկրաինացի 65-ամյա մասնագետը Գործադիր կոմիտեի անդամներին ներկայացրել է մեկ ամսվա ընթացքում կատարված աշխատանքները, որից հետո պատասխանել է ներկաներին հուզող հարցերին և խոսել ապագա ծրագրերի մասին:

«Այսօր առաջին անգամ հանդիպեցի ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամներին, որոնք պատրաստակամություն հայտնեցին օգնել ինձ ցանկացած հարցում: Նրանք հայտնեցին, որ միաձայն քվեարկել եմ իմ նշանակման օգտին:

Պատասխանեցի բոլորի հարցերին և լավ տպավորություն ստացա մեր շփումից: Այս ընթացքում դիտել եմ մեր ֆուտբոլիստների մասնակցությամբ բազմաթիվ ընկերական հանդիպումներ, իսկ վաղվանից սկսելու եմ հետևել Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի խաղերին: Չարենցավանում կհետևեմ «Վան» - «Փյունիկ» հետաձգված հանդիպմանը: Խաղային օրերը բավականին հագեցած են լինելու: Հիմա արդեն ամեն ինչ կախված է ինձնից, իմ մարզչական շտաբից և մեր ֆուտբոլիստներից»,- ՀՖՖ մամուլի ծառայության հետ զրույցում հայտնել է Ալեքսանդր Պետրակովը: