Երկուշաբթի, 30 Հունվարի 2023

USD393.56

EUR421.61

RUB5.44

Երևան -3 ℃

Рус Eng

Հայաստանն առաջին անգամ ներկայացուցիչ է ունեցել սնոուբորդի միջազգային մրցումներում

Սպորտ

23 Հունվարի, 23:20

ԱՄՆ Լեյք Փլեսիդ քաղաքում ավարտվել են Համաշխարհային ուսանողական ձմեռային 31-րդ խաղերը, որին մասնակցել են նաև Հայաստանի ներկայացուցիչները։

Հայ մարզիկներից լավագույն արդյունքը գրանցել է դահուկորդ Միքայել Միքայելյանը։ Նա 4-րդ տեղն է զբաղեցրել ինչպես դահուկավազքի 10 կմ ազատ ոճի, այնպես էլ 10 կմ հետապնդումով դասական ոճի մրցումներում: 10 կմ ազատ ոճի մրցատարածությունում Հայաստանի առաջատար դահուկորդին 26 պետությունների 82 մասնակիցների հետ համառ պայքարում ընդամենը 17 վայրկյան չի բավականացրել բրոնզե մեդալ նվաճելու համար: 10 կմ հետապնդումով դասական ոճի մրցումներում ևս Միքայելը շատ մոտ է եղել մեդալակիր դառնալուն:

Հայաստանի ներկայացուցիչը 4-րդ արդյունքն է ցույց տվել՝ զիջելով միայն Ճապոնիայի, Նորվեգիայի և ԱՄՆ ներկայացուցիչներին: Միքայել Միքայելյանն ավելի վաղ հանդես է եկել նաև 1500 մետր սպրինտի որակավորման փուլում, որտեղ ելույթն ավարտել է 13-րդ հորիզոնականում՝ չկարողանալով դուրս գալ եզրափակիչ:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը հսկա ոլորավայրէջքի մրցումներում 93 մասնակիցների պայքարում զբաղեցրել է 37-րդ տեղը, իսկ ոլորավայրէջք մրցաձևում բավականին վստահ է ավարտել առաջին փորձը, սակայն չի հաջողել երկրորդում։ Համաշխարհային ձմեռային ուսանողական 31-րդ խաղերում Հայաստանի վերջին ներկայացուցիչ, սնոուբորդիստ Նորիկ Թադևոսյանը, զուգահեռ հսկա ոլորավայրէջքի որակավորման փուլում ցույց է տվել 39,37 վայրկյան արդյունք և դուրս եկել 1/16 եզրափակիչ, որտեղ, սակայն, պարտվել է ամերիկացի Հանտեր Բերնարդին և դուրս մնացել մրցապայքարից:

Ընդհանուր հաշվարկով՝ Նորիկ Թադևոսյանը 33 մասնակիցների պայքարում զբաղեցրել է 29-րդ տեղը: Թադևոսյանը հանդես է եկել նաև զուգահեռ ոլորավայրէջքի մրցումներում և զբաղեցրել 26-րդ հորիզոնականը: Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից իրենց ելույթներն ավարտել էին մենասահորդ Մարինա Ասոյանը և Վիկտորիա Ազրոյան-Արթուր Գրուզդև գեղասահքի պարային զույգը: Մարինա Ասոյանը կարճ ծրագրից հետո զբաղեցրել է 30-րդ տեղը և դուրս մնացել ազատ ծրագրում հադես եկող 24 մարզիկների շարքից, իսկ Վիկտորիա Ազրոյան-Արթուր Գրուզդև գեղասահքի պարային զույգը գրավել է 13-րդ տեղը:

ՀՀ պատվիրակությունն այս տարի առաջին անգամ Համաշխարհային ձմեռային ունիվերսիադային մասնակցել է պետական ֆինանսավորմամբ. ՀՀ կառավարությունն այս նպատակով ավելի քան 19 մլն դրամ է հատկացրել: Ձմեռային համաշխարհային ուսանողական խաղերում Հայաստանի դեռևս միակ մեդալը 2017 թվականին նվաճել է դահուկորդ Սերգեյ Միքայելյանը: Դահուկավազքի ազատ ոճի 10 կմ մրցաձևում նա 27,04 արդյունքով գրավել է 3-րդ տեղը և արժանացել է բրոնզե մեդալի:

 

Հետևեք մեզ Telegram-ում։
Արտակ Խաչատրյան

Իսկ արդյո՞ք ռուս խաղաղապահները պաշտպանության կարիք ունեն, այն էլ՝ նման կերպ

Արտակ Խաչատրյան

Ի՞նչ էր անում Շավարշ Քոչարյանը նախքան պատերազմը