Նախօրեին հայտնի դարձավ, որ երկարատև հիվանդությունից հետո 82 տարեկան հասակում կյանքից հեռացել է բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն՝ Էդսոն Արանտիս դու Նասիմենտուն։ Radar Armenia-ն ներկայացնում է ֆուտբոլիստի անցած յուրհատուկ ճանապարհը։
Կենսագրությունը
Էդսոն Արանտիս դու Նասիմենտոն, ով հայտնի է Պելե անունով, համաշխարհային սպորտի մեծագույն ներկայացուցիչներից է։ Բրազիլացի ֆուտբոլիստը ամբողջ աշխարհում միլիոնավոր ֆուտբոլասերների կուռքն է։ Նա երեք անգամ նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը, որը մինչ օրս չի գերազանցվել ոչ մի ֆուտբոլիստի կողմից։ Պելեն հանդես է եկել «Սանտոս» և «Նյու Յորք Կոսմոս» ակումբներում։ Ազդեցիկ մարզական կազմակերպությունների կարծիքով՝ Պելեն համարվում է 20-րդ դարի լավագույն մարզիկը։
Մանկություն
Պելեն ծնվել է 1940 թվականի հոկտեմբերի 23-ին՝ բրազիլական Տրես Կորասոյնս քաղաքում։ Հայրը եղել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, սակայն դժբախտ պատահարի պատճառով ստիպված լքել է մեծ սպորտը։ Ընտանիքին կերակրելու համար Պելեի հայրը տեղի հիվանդանոցում աշխատել է որպես սանիտար, սակայն չի մոռացել նաև որդու մասին։ Հենց նա է Պելեին սովորեցրել ֆուտբոլային հիմնական հմտությունները։ Արդեն փոքր տարիքում Պելեն գնդակի տիրապետման տաղանդով տպավորել է տեղի բնակիչներին և ֆուտբոլային երկրպագուներին, սակայն ստիպված է եղել կես դրույքով աշխատել, որպեսզի կարողանա օգնել ընտանիքին։ 7 տարեկանում արդեն Պելեին նկատում է տեղի պատանեկան թիմերից մեկի մարզիչը, և բրազիլացին սկսում է իր ֆուտբոլային կարիերան։
Ֆուտբոլային կարիերան
Մի քանի տարի անց թիմը գլխավորում է Վալդեմար դե Բրիտոն, ով ընդմիշտ փոխում է Պելեի կյանքը։ Հենց նա է «Սանտոս» ակումբի իր ընկերներին պատմել արտասովոր տղայի մասին։ Դրա շնորհիվ արդեն 15 տարեկանում նա ստորագրում է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը և սկսում խաղալ «Սանտոսի» հիմնական կազմում։ Այդ պահից սկսած տղայի և ֆուտբոլային ակումբի համար նոր դարաշրջան է սկսվում։ Մեկ տարի անց, չնայած տարիքին, Պելեն արդեն շատ ավելին էր վաստակում, քան հայրը: Իր հրաշալի տեխնիկայի և արդյունավետության շնորհիվ նա դառնում է թիմի հիմնական հարձակվողը։ Խոստումնալից ֆուտբոլիստի համար առաջին լուրջ փորձությունը համարվում է արգենտինական «Կորինտիանսի» դեմ սկզբունքային հանդիպումը։ Բրազիլացին հանդիպմանը դառնում է երկու գոլի հեղինակ և օգնում «Սանտոսին»՝ ստանալ չեմպիոնական գավաթը։ «Սանտոսում» Պելեն անցկացնում է ավելի քան հազար խաղ և դառնում նույնքան գոլի հեղինակ՝ մինչ օրս մնալով ակումբի պատմության մեջ անգերազանցելի։
Ազգային հավաքական
Չնայած երիտասարդ տղան տեղափոխվեց իր համար անծանոթ քաղաք՝ Սան Պաուլու, սակայն նրան հաջողվեց իր ելույթների շնորհիվ ստանալ հավաքականի հրավեր։ Երկու տարի անց՝ 1958թ., Շվեդիայում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Պելեն դառնում է առաջնության հաղթող։ Ուշագրավ է, որ նա ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է համարվում մինչ օրս(17 տարեկան) ով դարձել է աշխարհի չեմպիոն։ Գրեթե 18 տարեկանում առաջին անգամ դառնալով աշխարհի չեմպիոն՝ Պելեն կրկնեց այս հաջողությունը չորս տարի ան՝ց Չիլիում: Երրորդ անգամ տիտղոսը նրան հաջողվում է նվաճել 1970 թվականին՝ Մեքսիկայում։ Այսպիսով, Պելեն դարձավ աշխարհի միակ եռակի չեմպիոնը, չնայած նա մասնակցել է միայն երկու եզրափակիչ հանդիպման (1962թ.-ին վնասվածքի պատճառով չի խաղացել եզրափակչում):
Անակնկալ որոշումը
1970-ականների սկզբին ֆուտբոլիստը որոշում է ընդմիջել ֆուտբոլիստի իր կարիերան՝ մտադիր լինելով մոտ ապագայում ընդհանրապես ավարտել այն։ Բրազիլացու այս որոշումը ծանր ընդունեցին հայրենի երկրում։ Պելեն հավաքականի կազմում վերջին հանդիպումը անցկացրեց 1974թ.։ Բայց, բոլորի համար անսպասելի, ֆուտբոլային աստղը տեղափոխվեց Նյու Յորքի «Կոսմոս» ակումբ՝ կնքելով տարեկան ռեկորդային 6 մլն դոլարի պայմանագիր։ Կա երկու տարածված կարծիք, թե ինչով էր պայմանավորված նման որոշումը։ Որոշ շրջանակներ պնդում էին, որ ֆուտբոլիստը ուներ ֆինանսական խնդիրներ, և սա հրաշալի տարբերակ էր դրանք լուծելու համար։ Մյուս տարբերակով՝ ֆուտբոլիստը փորձել է այս որոշմամբ խթանել ֆուտբոլի մասսայականացումը։ Ինքը՝ Պելեն, այս որոշումը հիմնավորել է ֆուտբոլի մասսայականացման քայլով։ Եվ իսկապես, Պելեի մասնակցությամբ խաղերում ամերիկյան մարզադաշտերը լեփ-լեցուն էին, այցելուների թիվը 10 անգամ կրկնապատկվեց։
Հրաժեշտի հանդիպում
1977թ. հոկտեմբերի 1-ին ֆուտբոլային աշխարհում տեղի ունեցավ աննախադեպ իրադարձություն.Պելեի համար յուրահատուկ նշանակություն ունեցող երկու թիմեր՝ հարազատ «Սանտոսը» և «Կոսմոսը» դուրս եկան Նյու Յորքի «Giants Stadium» մարզադաշտ և մրցեցին միմյանց դեմ: Ֆուտբոլային լեգենդը առաջին խաղակեսում խաղաց «Կոսմոս»-ում, իսկ երկրորդը՝ հարազատ «Սանտոսում»։ Հատկանշական է, որ Պելեն իր կարիերայի վերջին գոլը խփեց հենց հայրենի «Սանտոսի» դարպասը։ Այստեղ էլ հենց բրազիլացին հայտարարեց ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին։
Ֆուտբոլից հեռանալուց հետո
Մեծ սպորտից հեռանալուց հետո Պելեն պայմանագիր է կնքել «Pepsi» ընկերության հետ և դարձել ֆուտբոլային գործակալ։ Ազատ ժամանակ սովորական ավագ դպրոցում սովորել է քերականություն։ Դպրոցն ավարտելուց հետո Պելեն ընդունվել է Նյու Յորքի համալսարան՝ ստանալով տնտեսագետի դիպլոմ:
2000-ականների սկզբին Բրազիլիայի կառավարությունը նրան առաջարկում է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնը։ Դրան զուգահեռ լեգենդար բրազիլացին դառնում է նաև UNESCO-ի «բարի կամքի» դեսպան։
Բացի այդ, մարզիկը կարող է պարծենալ իր սեփական բիզնեսով՝ սուրճի հայտնի ապրանքանիշ «Cafe Pele»-ով: