Հայաստանի համար մարզական 2022 թվականը ռեկորդային էր նվաճված մեդալների քանակով. Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
«Միջազգային մրցաշարերին մարզիկների մասնակցության մասին խոսում են թվերը: Սպորտը շատ չափելի է: Կա մեդալ, կա արդյունք: Այս պահին Հայաստանն ունի 306 մեդալ, որից 104-ը՝ ոսկե: Սա լավագույն արդյունքն է»,-ասել է նա:
Գիլոյանն անդրադարձել է նաև մարզական օբյեկտների կառուցման և շինաշխատանքների ընթացքին, շեշտել, որ Արտաշատի աթլետիկական մարզադաշտը պատրաստ կլինի հաջորդ տարվա ապրիլին: Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի շինարարական աշխատանքները մեծ թափով ընթանում են, և նպատակ կա այդ մարզադպրոցում անցկացնել միջազգային մրցաշար: Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցը պատրաստ կլինի առաջիկա երկու ամիսներին: Արթուր Աբրահամի և Վիկ Դարչինյանի անվան բռնցքամարտի մարզադպրոցները ևս պատրաստ կլինեն գալիք տարիներին: