Սպորտ

Մեսսին միանում է աշխարհի առաջնության, Չեմպիոնների լիգայի և «Ոսկե գնդակի» դափնեկիրների բացառիկ իննյակին

Լիոնել Մեսսին ֆուտբոլի աշխարհի առաջնության հաղթանակից հետո դարձավ ընդամենը 9-րդ խաղացողը, ովքեր հաղթել են աշխարհի առաջնությունը, Չեմպիոնների լիգան և «Ոսկե գնդակը»:

Արգենտինացի հարձակվողը ռեկորդային 7 անգամ նվաճել է «Ոսկե գնդակը», չորս անգամ Չեմպիոնների լիգայի գավաթը և արդեն աշխարհի գավաթը:

Միայն ութ խաղացողների է հաջողվել նվաճել բոլոր երեք պարգևները: Առաջինը դա արել է անգլիացի Բոբի Չարլթոնը՝ 1966թ. նվաճելով աշխարհի գավաթը և «Ոսկե գնդակը»՝ եզրափակչում հաղթելով Գերմանիային։ Անգլիացին երկու տարի անց «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը:

Ցանկի հաջորդ երկու տեղերը զբաղեցնում են լեգենդար գերմանացիները։ «Ոսկե գնդակի» կրկնակի դափնեկիր Ֆրանց Բեկենբաուերը Մյունխենի «Բավարիայի» հետ նվաճել է Չեմպիոնների լիգայի երեք գավաթ, իսկ 1974թ. Արևմտյան Գերմանիայի հետ նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Գերդ Մյուլերը նվաճել է Չեմպիոնների լիգայի 3 գավաթ և հաղթել 1970թ. աշխարհի առաջնությունում՝ դառնալով «Ոսկե գնդակի» դափնեկիր։ 

Հաջորդ ներկայացուցիչը իտալացի Պաոլո Ռոսսին է, որը նվաճել է 1982թ. աշխարհի գավաթը և «Ոսկե գնդակը»։ Իտալացին «Յուվենտուսի» հետ 1985թ. նվաճել է նաև Չեմպիոնների լիգայի գավաթը։ 

Զինեդին Զիդանը 1998թ. աշխարհի առաջնության հաղթող է և «Ոսկե գնդակի» դափնեկիր։ Լեգենդար ֆրանսիացին 2002թ. նվաճել է նաև Չեմպիոնների լիգայի գավաթը։ 

Բրազիլացի ֆուտբոլիստ Ռիվալդոն 1999թ. «Ոսկե գնդակի» դափնեկիր է, որից հետ 2002թ. նվաճել է աշխարհի գավաթը։ Ռիվալդոն 2003թ. իտալական Միլանի հետ նվաճել է նաև Չեմպիոնների լիգայի գավաթը։

Բրազիլիայի հաջորդ ներկայացուցիչը՝ Ռոնալդինյոն է, որը 2002թ.-ի աշխարհի չեմպիոն է։ Բրազիլացին «Ոսկե գնդակը» ստեցել է 2005թ. իսկ 2006թ. արդեն Բարսելոնայի հետ նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը։

Ցուցակի վերջին ներկայացուցիչը ևս բրազիլացի է։ Կական ևս 2002թ. աշխարհի առաջնության հաղթող է, որը «Ոսկե գնդակը» նվաճեց ավելի ուշ՝ 2007.թ-ին, երբ հրաշալի մրցաշրջանում իտալական Միլանի հետ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը։