Սամբոյի աշխարհի 2022թ. առաջնության մրցումային երկրորդ օրը 88 կգ քաշային կարգում հաջող ելույթներ է ունեցել Դավիթ Գրիգորյանը: Նախնական գոտեմարտերում նա հեշտությամբ հաղթել է ֆրանսիացի Ժան Դելոնսային (3:1), ապա գրեթե հավասար պայքարում (1;1) հաղթահարել է վրացի Պաատա Ղվինիաշվիլու արգելքը:
Մեր մարզիկի հաջորդ մրցակիցն ադրբեջանցի Ջեյհուն Հուսեյնովն էր: Բավականին դրամատիկ ու լարված գոտեմարտը, ի վերջո, ավարտվել է արցախցու հաղթանակով (5:4): Ոսկե մեդալի համար նրա մրցակիցը ռուսաստանցի, աշխարհի եռակի չեմպիոն Սերգեյ Րյաբովն էր: Ցավոք, Դավիթը չի կարողացել դիմադրել ահեղ մրցակցին և բավարարվել է արծաթե մեդալով, ինչն, անշուշտ, նույնպես մեծ հաջողություն է:
Երեկ 64 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի էր արժանացել Մաքսիմ Մանուկյանը: Առաջնության երրորդ օրը պայքարի մեջ կմտնեն Ալեքսան Ստեփանյանը /79կգ/ և Արսեն Խանջյանը /98կգ/: