«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն հայտարարել է, որ հեռանում է ակումբից և ավարտում է ֆուտբոլային կարիերան։ Ֆուտբոլիստը «Թվիթերի» իր միկրոբլոգում տեսանյութ է հրապարակել, որտեղ մանրամասն ներկայացնում է իր անցած ճանապարհը և ֆուտբոլից հեռանալու իր պատճառները.
«Անցնող շաբաթների և ամիսների ընթացքում շատերն են խոսել իմ մասին: Մինչ այժմ ես լռել եմ, իսկ հիմա եկել է խոսելու պահը։
Ինչպես ձեզնից շատերը, ես միշտ եղել եմ «Բարսայի» երկրպագու: Ես ծնվել եմ ֆուտբոլասերների և «Բարսելոնայի» երկրպագուների ընտանիքում։ Երբ փոքր էի, ցանկանում էի դառնալ ոչ թե ֆուտբոլիստ, այլ «Բարսայի» խաղացող։
Վերջերս ես շատ էի մտածում այդ տղայի մասին: Չգիտեմ էլ` ինչ կլիներ, եթե այն ժամանակ նրան ասեին, որ իր բոլոր երազանքներն իրականանալու են, որ նա հայտնվելու է «Բարսայի» առաջին թիմում, նվաճելու է բոլոր հնարավոր գավաթները, դառնալու է Եվրոպայի և աշխարհի չեմպիոն, խաղալու է աշխարհի լավագույն ֆուտբոլիստների հետ և դառնալու է թիմի ավագներից մեկը և գտնելու է ընկերներ ամբողջ կյանքի համար։
Արդեն 25 տարի է, ինչ ես միացել եմ «Բարսելոնային»: Ես հեռացա, սակայն վերադարձա։ Ֆուտբոլը, «Բարսելոնան» ու կուլեսն ինձ ամեն ինչ տվել են։
Եվ հիմա, երբ այս տղայի բոլոր երազանքներն իրականացել են, ես ուզում եմ ձեզ տեղեկացնել իմ որոշման մասին, որ ժամանակն է ավարտել այս ճամփորդությունը: Ես միշտ ասել եմ, որ, բացի «Բարսայից», այլ թիմում հանդես չեմ գա։ Եվ այդպես էլ կլինի։
Շաբաթ օրվա խաղը կլինի իմ վերջին հանդիպումը «Կամպ Նոու» մարզադաշտում։ Ես միշտ կլինեմ ակումբի երկրպագու, կաջակցեմ թիմին։ Ես իմ սերը «Բարսայի» հանդեպ կփոխանցեմ երեխաներիս, ինչպես դա արել են ծնողներս: Դուք ինձ լավ եք ճանաչում. ես վաղ թե ուշ կվերադառնամ»,- նշել է Պիկեն։
Հիշեցնենք, որ Պիկեն Բարսելոնայի սան է։ 2004 թվականին նա լքել է ակումբի ակադեմիան և տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», որտեղ խաղացել է մինչև 2008 թվականը (բացառությամբ 2006/07 մրցաշրջանի, երբ նա վարձավճարով հանդես է եկել «Սարագոսայում»։ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում Պիկեն հաղթել է Անգլիայի Պրեմիեր լիգան, երկրի Սուպերգավաթը և Անգլիայի լիգայի գավաթը, ինչպես նաև դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող։
2008 թվականին Պիկեն վերադարձել է «Բարսելոնա»։ Կատալոնական ակումբում անցկացրել է 14 տարի։ 8 անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունը, 7 անգամ Իսպանիայի գավաթը, 6 անգամ՝ երկրի Սուպերգավաթը, 3 անգամ Չեմպիոնների լիգան, ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթը և աշխարհի ակումբային առաջնությունը։
Իսպանիայի հավաքականի կազմում Պիկեն դարձել է աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն։
Ֆուտբոլիստի կարիերայի վերջին հանդիպումը Պիկեն «Բարսելոնայի» կազմում կանցկացնի «Ալմերիայի» դեմ՝ նոյեմբերի 5-ին։
Culers, us he de dir una cosa. pic.twitter.com/k3V919pm1T
— Gerard Piqué (@3gerardpique) November 3, 2022