Պատմական նվաճում՝ հայկական բռնցքամարտում։ Հայկական սպորտի պատմության մեջ առաջին անգամ մեր երկիրը չեմպիոնական տիտղոս է նվաճում բռնցքամարտի Եվրոպայի կանանց մեծահասակների առաջնությունում։ Հայ մարզուհիներից պատվո հարթակի ամենավերին աստիճանին է կանգնել 70 կգ քաշային Անի Հովսեփյանը։
Ամբողջ մրցաշարի ընթացքում շատ գրագետ մենամարտեր անցկացրած հայ մարզուհին փայլել է նաև եզրափակչում։ Մեր մարզիկի մրցակիցը բռնցքամարտում առաջատար դպրոցների թվին դասվող իռլանդական դպրոցի ներկայացուցիչ Քրիստինա Դեսմոնդն էր։ Հենց առաջին իսկ ռաունդից Անին հաստատել է, որ չեմպիոնի գլխավոր հավակնորդն է ու ռաունդը շահել 5։0 հաշվով։
Երկրորդ ռաունդում մրցակիցը փոխել է մարտավարությունը, բայց Անին դրան էլ էր պատրաստ ու 3։2։ Վերջին ռաունդում հայ մարզուհին գործել է արդեն հաղթողի դիրքից ու մրցակցին լիովին թելադրել իր կամքը։ Արդյունքում՝ վստահ հաղթանակ 4:1 հաշվով, և Անի Հովսեփյանը բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնությունների առաջին հայ չեմպիոնուհին է։
Ավելի վաղ Սոնա Հարությունյանն ու Եկատերինա Սիչևան նվաճել էին բրոնզե մեդալներ։