Հայաստանը եզրափակչի առաջին մասնակիցն ունի Բուդվայում ընթացող բռնցքամարտի կանանց Եվրոպայի առաջնությունում: Հայ մարզիկներից ոսկե մեդալի համար կպայքարի 70 կգ քաշային Անի Հովսեփյանը: Կիսաեզրափակչում Անի մրցակիցը տանտերերի՝ Չեռնոգորիայի ներկայացուցիչ Թամարա Ռադունովիչն էր:
Ինչպես հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան, թեպետ մարզադահլիճում Ռադունովիչի երկրպագուները մեծ աջակցություն էին ցուցաբերում, բայց հայ մարզուհին ոչ մի շանս չի տվել մրցակցին: Չեռնոգորիայի ներկայացուցիչը քիչ թե շատ դիմադրել է միայն առաջին ռաունդում:
Երկրորդ ռաունդում մեր մարզուհու առավելությունը շատ ավելի մեծ էր: Անին ռինգում արել է այն, ինչ ցանկացել է, իսկ ուժգին հարվածաշարից հետո մրցավարը հաշիվ է բացել:
3-րդ ռաունդում հայ մարզուհին շարունակել է նույն տեմպով և շատ վստահ հաղթանակ տոնել 5:0 հաշվով: Եզրափակչում Անիի մրցակիցը իռլանդացի Քրիստինա Դեսմոնդն է:
Կիսաեզրափակիչ դուրս եկած Հայաստանի մյուս երկու ներկայացուցիչները՝ Սոնա Հարությունյանն ու Եկատերինա Սիչևան, Եվրոպայի առաջնությունից կվերադառնան բրոնզե պարգևով։