ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ Գոռ Մինասյանը՝ Բահրեյնի հավաքականում հանդես գալու թեմային:
«Սիրելի՛ մարզասերներ, մարզաշխարհը լուսաբանող հարգելի՛ լրատվամիջոցներ, հարկ ենք համարում պարզաբանել ծանրամարտի Հայաստանի հավաքականի հետ կապված վերջին տեղեկատվությունը: Նախ՝ թույլ տվեք միանգամից հերքել ծանրամարտի ֆեդերացիայի կողմից մեր ծանրորդներից մեկի՝ այլ երկրի ծանրամարտի հավաքականին «փոխանցելու» իրավունքը:
Խնդիրը կայանում է հետևյալում՝ մրցակարգի համաձայն Եվրոպայի և աշխարհի առաջնություններում ամեն երկիր նույն քաշային կարգում կարող է ներկայանալ երկուական մարզիկով: Ի ուրախություն մեզ՝ մենք գերծանր քաշային կարգում ունենք գրեթե հավասարազոր ուժերի և հնարավորությունների երեք տիտղոսակիր մարզիկներ՝ Վարազդատ Լալայան, Գոռ Մինասյան և Սիմոն Մարտիրոսյան:
Նման պարագայում մարզիկներից մեկը կա՛մ պիտի փոխի քաշային կարգը, ինչը գրեթե անհնար է, կա՛մ ավարտի կարիերան: Ստեղծված իրավիճակում լավագույն ելքը ծանրորդի համար, որպեսզի ազգային ֆեդերացիան թույլատրի նրան՝ հանդես գալ այլ երկրի հավաքականում՝ շանս ընձեռելով մարզիկին շարունակել իր կարիերան:
Այժմ դեռ շատ վաղ է հնչեցնել անուններ, քանզի այս աշնանը անցկացվող ուսումնամարզական հավաքից հետո միայն գերծանր քաշային կարգում հանդես եկող մարզիկների անհատական ցուցանիշների հիման վրա պարզ կդառնա 3-րդ տեղը զբաղեցնող մարզիկի անուն-ազգանունը: Եվ միայն դրանից հետո մարզիկն ու ծանրամարտի ֆեդերացիան կքննարկեն մարզիկի՝ այլ հավաքականում հանդես գալու իրավունքը:
Եվս մեկ անգամ խնդրում և հորդորում ենք, զերծ մնացեք կամա թե ակամա ապատեղեկատվություն տարածելուց, որոնք հիմք են ստեղծում ավելորդ ասեկոսեների, ինչը խաթարում է մարզիկների բարոյահոգեբանական վիճակը»։