Սպորտ

Երևանը կընդունի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի հանդիպումները

Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի նախնական փուլը կանցկացվի Երևանում։ ՀՀ կառավարության և ՀՖՖ֊ի ջանքերի շնորհիվ խաղերը կանցկացվեն Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում` օգոստոսի 23֊28֊ը։ Այս մասին հայտնում է «Երևան» ակումբի պաշտոնական կայքը:

«Սա մեծ նվաճում է առաջին հերթին մեր թիմի համար, քանզի մարզահամերգային համալիրը տեղավորում է ավելի քան 5200 հանդիսական և այդ հնարավորությունը մաքսիմալ օգտագործելու դեպքում՝ երկրպագուների աջակցությունը ավելի մեծ ուժ կհաղորդի լավագույնս ելույթ ունենալու համար»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։ Հուլիսի 7֊ին՝ Շվեյցարիային Նիոն քաղաքում տեղի կունենա վիճակահանությունը, որից հետո պարզ կլինեն «Երևան ՖԱ»-ի մրցակիցները խմբային մրցաշարում։

Հայաստանի չեմպիոնն ընդգրկվել է առաջին զամբյուղում։ Նախնական փուլում մեկնարկող ութ թիմեր (որոնցից մեկը «Երևան ՖԱ»-ն է) նախապես ընտրվում են որպես մինի մրցաշարի տանտեր և խաղարկվում են առանձին՝ նախքան իրենց համապատասխան սելեկցիոն դիրքում տեղակայվելը: Զամբյուղների թիմերը բաժանվելու են 8 խմբի և միայն 8 հաղթողները կշարունակեն պայքարը հաջորդ ռաունդում։